Անցնել բովանդակությանը

Հոդված 10. ․ Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը և տրամադրումը մերժելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10․ Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը և տրամադրումը մերժելը

1. Անձը հաստատող փաստաթուղթ ստանալու նպատակով անձը էլեկտրոնային միասնական հարթակով դիմում է լիազոր մարմին, իսկ դիվանագիտական անձնագիր ստանալու համար՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին։ Էլեկտրոնային միասնական հարթակը ձևավորվում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված կարգով, որի կառավարիչ հանդիսանում է լիազոր մարմինը։

2. Օտարերկրյա պետություններում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու նպատակով քաղաքացին էլեկտրոնային միասնական հարթակով դիմում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին:

3. 16 տարին լրացած անձը դիմում է անձամբ։

4. Մինչև 16 տարեկան երեխային կամ անգործունակ ճանաչված անձին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրվում է երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

5. Սահմանափակ գործունակ ճանաչված անձին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրվում է իր դիմումի հիման վրա՝ առանց հոգաբարձուի գրավոր համաձայնության։

6. Հաշմանդամության, առողջական վիճակի բերումով կամ շարժվելու կամ կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտապես կորցնելու հետևանքով անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անձամբ լիազոր մարմին դիմելու անհնարինության դեպքում այդ անձի փոխարեն կարող են դիմել նաև Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև մերձավոր ազգականները՝ հայրը, մայրը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը, տատը կամ պապը՝ կցելով բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթեր։ Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի փոխարեն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կարող է դիմել համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը։

7. Էլեկտրոնային միասնական հարթակով անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է, որ էլեկտրոնային միասնական հարթակը տվյալների փոխանակման շերտի միջոցով հաստատի դիմողի ներկայացրած տվյալների և բնակչության պետական ռեգիստրի տվյալների համապատասխանությունը, ինչպես նաև օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով պահանջվող տվյալների ու փաստաթղթերի առկայությունը։

8. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով անձի ներկայացրած տվյալների և բնակչության պետական ռեգիստրի տվյալների համապատասխանությունը հաստատվելուց և այլ պահանջվող տվյալներն ու փաստաթղթերը ներկայացնելուց հետո անձը պետք է վճարի պետական տուրքը, բացառությամբ Կառավարության կողմից անձանց որոշ խմբերի համար պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով աջակցություն սահմանելու դեպքերի։ Այնուհետև անձն ամրագրում է այց լիազոր մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում քաղաքացու անձնագիր կամ քաղաքացու նույնականացման քարտ ստանալիս՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում։ Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անձը պետք է ամրագրի այց արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում։

9. Տվյալների անհամապատասխանության կամ պահանջվող տվյալների կամ փաստաթղթերի բացակայության կամ թերի լինելու դեպքում էլեկտրոնային միասնական հարթակը ծանուցում է դիմողին ի հայտ եկած ձևական սխալի մասին՝ ուղղորդելով վերացնել ձևական սխալը։

10. Ամրագրված այցի շրջանակում անձը դիմում է անձը հաստատող փաստաթղթի ստացման համար՝ հանձնելով կենսաչափական տվյալները, որից հետո՝ 14-րդ աշխատանքային օրը, իսկ օտարերկրյա պետությունում դիմելիս՝ ոչ շուտ, քան 14-րդ և ոչ ուշ, քան 45-րդ աշխատանքային օրը, ստանում է ծանուցում անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին։ Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման կամ մերժման մասին ծանուցումը անձն ստանում է իր ներկայացրած էլեկտրոնային փոստին նամակ կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով։ Անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը մերժվելու դեպքում կայացված որոշման հասանելիությունն էլեկտրոնային եղանակով ապահովվում է էլեկտրոնային փոստի միջոցով։

11. Կառավարությունը կարող է սահմանել լրացուցիչ վճարի դիմաց անձը հաստատող փաստաթղթի՝ ավելի սեղմ ժամկետներում տրամադրման, ինչպես նաև լրացուցիչ վճարի դիմաց կամ այլ դեպքերում կենսաչափական տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անձի բնակության (գտնվելու) վայրում հավաքման հնարավորությունը։ Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրում նաև ոչ աշխատանքային օրերին։

12. Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժվում է, եթե՝

1) դիմողը չի ներկայացրել օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերը և տվյալները.

2) դիմողը, օրենքի համաձայն, չունի տվյալ անձը հաստատող փաստաթուղթը ստանալու իրավունք․

3) դիմողը հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

4) դիմողը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր կամ տվյալներ.

5) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ կամ հակասություններ.

6) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու համար ունեն էական նշանակություն (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծնողների վերաբերյալ տվյալները, ծննդավայրը և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիան, համարը, պաշտոնատար անձի ստորագրությունը և այլն)․

7) անձը չի վճարել պետական տուրքը, եթե օրենքով նախատեսված է այդ պարտականությունը:

13. Բացի սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերից, քաղաքացու անձնագրի տրամադրումը մերժվում է նաև, եթե՝

1) դիմողը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.

2) դիմողի նկատմամբ այլ պետության կողմից հայտարարված է հետախուզում, և Հայաստանի Հանրապետությունը այդ պետության հետ ունի քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր։

14. Բացի սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերից, դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է նաև, եթե դիմողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին փաստաթղթի տրամադրման դեպքի:

15. Բացի սույն օրենքով սահմանված հիմքերից, այլ հիմքերով անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը մերժելն արգելվում է։

16. Անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստանալու անձը հաստատող նոր փաստաթուղթ։ Անձը հաստատող նոր փաստաթուղթ ստանալիս անձը պետք է լիազոր մարմին ներկայացնի հին համապատասխան փաստաթուղթը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը հայտարարում է հին համապատասխան փաստաթուղթը կորցնելու կամ հափշտակված լինելու մասին։ Անձն իրավունք ունի պահանջելու քաղաքացու նոր անձնագիրը կամ նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն իրեն հանձնվելուց հետո դակված վիճակում իրեն վերադարձնել քաղաքացու հին անձնագիրը կամ հին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։

17. Անձը հաստատող փաստաթուղթը վերցնելն արգելվում է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։

18. Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման և տրամադրման մերժման կարգը սահմանում է Կառավարությունը։

19. Սույն հոդվածի գործողությունը տարածվում է քաղաքացու անձնագրի և քաղաքացու նույնականացման քարտի, օտարերկրացու կացության քարտի, օտարերկրացու և նրա ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայականի, լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձի նույնականացման քարտի և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, Հայաստանի Հանրապետությունում տրված փախստականի նույնականացման քարտի և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, դիվանագիտական անձնագրի վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։