Հոդված 4. ․ Օտարերկրացու ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ և օտարերկրացու ու նրա ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայական ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը
Հոդված 4․ Օտարերկրացու ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ և օտարերկրացու ու նրա ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայական ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը
1. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն տրվում է ժամանակավոր կացության քարտ, իսկ Հայաստանի Հանրապետության մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն՝ մշտական կացության քարտ։ Բնակության օրինականությունը հավաստող վկայական տրվում է այն օտարերկրացիներին և նրանց ընտանիքի օտարերկրացի անդամներին, որոնց վերաբերյալ առկա է լիազոր մարմնի կողմից կայացված՝ վկայական տրամադրելու մասին որոշում։
2. Օտարերկրացու ժամանակավոր կացության քարտը և օտարերկրացու մշտական կացության քարտը տրամադրվում են համապատասխան կացության կարգավիճակը տրամադրելու մասին լիազոր մարմնի որոշման մեջ նշված վավերականության ժամկետով։ Օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրվում է վկայական տրամադրելու մասին որոշմամբ սահմանված վավերականության ժամկետով։ Օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամներին բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրվում է օտարերկրացուն տրված վկայականի ժամկետով։
3. Օտարերկրացու կացության քարտը կամ օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում կացության քարտ կամ բնակության օրինականությունը հավաստող վկայական, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև կացության քարտ կամ բնակության օրինականությունը հավաստող վկայական ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
4. Օտարերկրացու կացության քարտը և բնակության օրինականությունը հավաստող վկայականը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։