Հոդված 11. Անձի կենսաչափական տվյալները մշակելը
Հոդված 11. Անձի կենսաչափական տվյալները մշակելը
1. Անձի կենսաչափական տվյալները ամրագրվում են հետևյալ անձը հաստատող փաստաթղթերում.
1) քաղաքացու անձնագրում․
2) դիվանագիտական անձնագրում․
3) քաղաքացու նույնականացման քարտում․
4) օտարերկրացու կացության քարտում․
5) օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականում,
6) օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայականում․
7) քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտում և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում․
8) փախստականի նույնականացման քարտում և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում։
2. Անձը կենսաչափական տվյալները հանձնում է լիազոր մարմնին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին։ Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անձը կենսաչափական տվյալները հանձնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։ Առաջին հերթին անձը հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները, իսկ եթե ցուցամատի մատնադրոշմը հնարավոր չէ ստանալ, ապա վերցվում են երկու ձեռքերի ցանկացած այլ համապատասխան մատների մատնադրոշմները, որոնցից հնարավոր է։
3. Անձի մատնադրոշմները վերցնում են վեց տարեկանից, ստորագրությունը՝ 16 տարեկանից, իսկ լուսանկարը՝ անկախ տարիքից։
4. Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով դիմողի կենսաչափական տվյալները դիմողի կողմից տրամադրվում են իր բնակության (գտնվելու) վայրում։
5. Անձի կենսաչափական տվյալների մշակման կանոնները սահմանում է Կառավարությունը։
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձը հաստատող փաստաթղթերը ունեն տվյալների էլեկտրոնային պահոց։ Էլեկտրոնային պահոցը պարունակում է անձի կենսաչափական տվյալները։ Կառավարության որոշմամբ էլեկտրոնային պահոցում կարող են ամրագրվել նաև այլ տվյալներ։
7. Տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական բնութագիրը, դրանում տվյալների ամրագրման ձևը և կարգը, անվտանգությանն առաջադրվող պահանջները սահմանվում են Կառավարության որոշմամբ։