Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ․ Քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը, բովանդակությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3․ Քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը, բովանդակությունը

1. Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր։ Քաղաքացին կարող է անձնագիր ստանալ անկախ տարիքից, իսկ նույնականացման քարտ՝ վեց տարին լրանալու օրվանից։

2. 16 տարին լրացած քաղաքացու համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, իսկ վեց տարեկանից մինչև 16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր: 16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու դեպքում։

3. Մինչև վեց տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով։ Վեց տարեկանից մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է հինգ տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով։

4. Քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է հինգ տարի վավերականության ժամկետով։

5. Քաղաքացու անձնագրում ամրագրվում են հետևյալ տվյալները.

1) ազգանունը, անունը․

2) ծննդյան վայրը՝ պետությունը․

3) անձնագրի համարը․

4) սեռը.

5) քաղաքացիությունը.

6) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

7) անձնագրի թողարկման օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը․

8) կենսաչափական տվյալները։

6. Քաղաքացու նույնականացման քարտում ամրագրվում են հետևյալ տվյալները.

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) նույնականացման քարտի համարը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

6) նույնականացման քարտի թողարկման օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը․

7) կենսաչափական տվյալները.

8) հանրային ծառայությունների համարանիշը:

7. Քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում լրացվող անձնական տվյալները ամրագրվում են հայերենով և անգլերենով։

8. Անձնագրում և նույնականացման քարտում քաղաքացին չի կարող պահանջել այլ տվյալների ամրագրում։

9. Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու ժամանակ տվյալները լրացնելիս հիմք են ընդունվում անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրի տվյալները։

10. Քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։

11. Անձնագիրը և նույնականացման քարտը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, եթե քաղաքացին չի ունենում անձնագիր և նույնականացման քարտ, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։

12. Քաղաքացու անձնագրից և նույնականացման քարտից տարբերվող անձը հաստատող փաստաթղթի այլ տեսակները կարող են պարունակել սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձնական տվյալները, բացառությամբ տվյալ անձը հաստատող փաստաթղթի տեսակից բխող առանձնահատկությունների։ Այդ փաստաթղթերում ամրագրման ենթակա տվյալները, դրանց լրացման կարգը, այդ թվում՝ ամրագրման ենթակա որևէ տվյալի բացակայության դեպքում բացակայող տվյալի լրացման կարգը, փաստաթղթերի նկարագիրը, տեսքը, ձևը, կիրառվող անվտանգության միջոցները սահմանում է Կառավարությունը։

13. Քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի նկարագիրը, տեսքը և ձևը, դրանցում ամրագրման ենթակա անձնական տվյալ չհանդիսացող այլ տվյալները, ամրագրման ենթակա բոլոր տվյալների լրացման կարգը, այդ թվում՝ ամրագրման ենթակա որևէ տվյալի բացակայության դեպքում բացակայող տվյալի լրացման կարգը, կիրառվող անվտանգության միջոցները, անձնագրի էջերի քանակը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։