Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12. Ծառայության լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ծառայության լիազորությունները

1. Ծառայությունը արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում՝

1) վարչապետին է տրամադրում արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն.

2) բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձևերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնում է արտաքին հետախուզական գործունեություն.

3) կամավոր համաձայնություն տված անձանց հետ գաղտնի հիմունքներով հաստատում է համագործակցային հարաբերություններ.

4) իրականացնում է անձնակազմի ծածկագրման և դրա գործունեության կազմակերպմանն ուղղված միջոցառումներ՝ այդ նպատակով այլ մարմինների և կազմակերպությունների հնարավորությունների օգտագործմամբ.

4․1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների և միջոցների քողարկման նպատակով իրականացնում է միջոցառումներ՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան Ծառայությունում պաշտոնի նշանակվելուն հավակնող անձանց այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոնների նշանակելու համար, եթե տվյալ անձը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին.

5) օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.

6) պատրաստում է Ծառայության աշխատողներին, Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև Ծառայության կողմից ստեղծված կազմակերպությունները, շահագործվող գույքը, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր․

7) ներթափանցում է հետախուզական և հատուկ ծառայություններ ու այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը.

7․1) իրավունք ունի ձերբակալելու և համապատասխան մարմիններին հանձնելու Ծառայության՝ սեփական անվտանգության ապահովման գործառույթի իրականացման շրջանակում հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց.

8) հետախուզական տեղեկություններ է հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, ռազմարդյունաբերական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման՝ պետության անվտանգության ամրապնդման նպատակով.

9) ստանում, մշակում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքների մասին տեղեկատվությունը, կանխատեսում վտանգները, իրականացնում է առկա և հնարավոր սպառնալիքների նախականխմանը և կանխմանն ուղղված միջոցառումներ.

10) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում է ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաև վարձակալում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս հատուկ կապի այլ տեսակների օգտագործման համար.

11) արտաքին հետախուզական գործունեության համակարգման և արդյունքների վերլուծության ու ամփոփման համար ստեղծում է կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ)` Ծառայության պետի՝ Ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման սահմանված կարգին համապատասխան.

12) ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ օգտագործում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում՝ նաև կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները՝ համարժեք հատուցմամբ.

13) պետական մարմիններ և կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումը, նախականխումն ու խափանումը վերապահված են դրանց իրավասությանը.

14) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանում է այնպիսի տեղեկություններ (այդ թվում՝ առցանց), որոնք անհրաժեշտ են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

15) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու համար կարող է ունենալ տեղեկատվական համակարգեր, տվյալների շտեմարաններ, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման և այլ տեխնիկական միջոցառումների կենտրոններ.

16) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում փոխադարձության հիման վրա համագործակցում է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ, փոխգործակցության հիման վրա նրանց հետ փոխանակում օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ.

17) Ծառայության աշխատողների, ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում է պետական մարմինների, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի փաստաթղթերը, միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար։ Ընդ որում, համապատասխան պետական մարմինները և կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը) պատասխանատվություն չեն կրում Ծառայությանը տրամադրված փաստաթղթերի, միջոցների գործածության արդյունքում առաջացած հետևանքների համար․

17․1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների քողարկման նպատակով Ծառայությանը հատկացված (ամրացված) կամ Ծառայության կողմից ձեռք բերված և գաղտնի աշխատանքների համար նախատեսված գույքի տնօրինումը և դրանց գործավարությունն իրականացնում է Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով և եղանակներով․

18) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների համաձայնությամբ կարող է օգտագործել վերջիններիս հատկացված (ամրացված) կամ օգտագործման հանձնված շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցներ.

19) իրականացնում է փաստաթղթերի քողարկում Ծառայության և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների աշխատողների և կամավոր համաձայնություն տված անձանց գործունեությանն առնչվող, շինությունների, տրանսպորտային միջոցների գերատեսչական պատկանելության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական համակարգերում և (կամ) պետական մարմինների տվյալների շտեմարաններում տեղեկատվության ծածկագրման նպատակով.

20) համագործակցում է արտաքին հետախուզական և հակահետախուզական, ազգային անվտանգության ապահովման բնագավառում գործունեություն իրականացնող այլ իրավասու, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ.

20․1) իր գործունեության մասով իրականացնում է հակահետախուզական ապահովում հետևյալ դեպքերում.

ա․ Ծառայության կողմից տնօրինվող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ապահովման,

բ․ Ծառայության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայության,

գ․ Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտության,

դ․ Ծառայության ներքին անվտանգության ապահովման դեպքերում.

21) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ կնքում է համապատասխան համաձայնագրեր.

22) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության հաստատություններում առկա արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված՝ օրենքով պահպանվող գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը.

23) համագործակցում է այլ պետությունների հետախուզական և հակահետախուզական ծառայությունների հետ.

24) համատեղ ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցում է պետական մարմինների հետ արտաքին հետախուզական միջոցառումներ անցկացնելիս.

25) իրականացնում է Ծառայության հատուկ կարևորության, հույժ գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունների փոխադրումը, դրանց պահպանումը, ինչպես նաև իր աշխատողների, միջոցների (տեխնիկական, տրանսպորտային, կապի և այլ միջոցներ, տեղեկատվական և այլ համակարգեր, շենքեր ու շինություններ) և տեղեկատվության պաշտպանություն հակաիրավական գործողություններից և սպառնալիքներից՝ Ծառայության պետի սահմանած կարգով.

26) Ծառայության գործունեության նպատակների համար ստեղծում է կազմակերպություններ.

27) ստուգում, հսկողություն, վերահսկողություն և հաշվեքննություն իրականացնող մարմիններին տեղեկատվություն տրամադրում է վարչապետի հանձնարարությամբ, սակայն այդ տեղեկատվությունը չի կարող վերաբերել Ծառայությանն աջակցություն ցուցաբերող և ցուցաբերած անձանց, օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ ներգրավված ուժերին, միջոցներին և հետախուզական գործունեության մեթոդներին.

28) իր գործունեության իրականացման համար կարող է ձեռք բերել, մշակել, ստեղծել և շահագործել տեղեկատվական, տվյալների փոխանցման և կապի համակարգեր, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության և արտահոսքի կանխման հատուկ միջոցներ.

29) իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում: Տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.

30) Ծառայության կողմից կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբեռպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանության և Ծառայության բնականոն գործունեության ապահովման նպատակով Կառավարության սահմանած կարգով և դեպքերում համաձայնություն կամ եզրակացություն է ներկայացնում Ծառայությանն ամրացված կամ Ծառայության կողմից օգտագործվող անշարժ գույքի (այդ թվում՝ դրանցով ծանրաբեռնված հողամասերի) հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու (այդ թվում՝ կառուցապատման թույլտվության տրամադրումը մերժելու) վերաբերյալ։

2. Ծառայությունն ունի ծառայողների մասնագիտական պատրաստության և որակավորման բարձրացման նպատակով համապատասխան ուսումնական կենտրոն, գիտահետազոտական կազմակերպություններ և արխիվներ, հատուկ հրատարակությունների թողարկում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետի հիման վրա այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոն զբաղեցնող Ծառայության աշխատողների ստաժը հաշվարկվում է որպես Ծառայության ստաժ, և տվյալ աշխատողներն օգտվում են սույն օրենքով Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքներից, պարտականություններից և սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունից։

4․ Օտարերկրյա պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղված ծառայողները, արտաքին հետախուզական, սեփական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներից բացի, իրականացնում են նաև արտաքին հակահետախուզական գործառույթներ՝ վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ։ Այլ պետական մարմիններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղման ընթացքում գործուղված ծառայողների գործունեության իրականացման և պետական մարմինների հետ հարաբերությունների առանձնահատկությունները, տվյալ մարմինների աշխատողների հետ համագործակցության դեպքերը և կարգը սահմանվում են վարչապետի որոշմամբ։

(12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։