Հոդված 13. ․ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) հիմքերը, պայմանները և սահմանները
Հոդված 13․ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) հիմքերը, պայմանները և սահմանները
(վերնագիրը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)
1․ Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ։ Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար, և եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել։
2․ Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) ընտրությունը կատարելիս Ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։
3․ Ծառայության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ պարտավոր է՝
1) նախազգուշացնել դրանք կիրառելու (գործադրելու) մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում իր կամ Ծառայության այլ աշխատողների համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է․
2) դրանք կիրառել (գործադրել) դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի։
4․ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք կիրառելիս (գործադրելիս) Ծառայության ծառայողը պարտավոր է մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն։
5․ Արգելվում է հատուկ միջոցներ կամ զենք կիրառել (գործադրել) հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և Ծառայության աշխատողի կյանքին կամ առողջությանն սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։
6․ Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման (գործադրման) համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում։
7․ Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառումը (գործադրումը) առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
8․ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք կիրառելու (գործադրելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) յուրաքանչյուր դեպքի մասին Ծառայության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական ղեկավարին։
9․ Ծառայության սպառազինության մեջ ընդգրկված զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների ցանկը սահմանում է վարչապետը, իսկ զենքը, ռազմամթերքը և հատուկ միջոցները հաշվառելու, հատկացնելու, կրելու և պահելու կարգը սահմանում է Ծառայության պետը։
(13-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)
(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)