Հոդված 41. ․ Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը
Հոդված 41․ Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը
(վերնագիրը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)
1. Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը:
2․ Ծառայության աշխատողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայությունը աշխատողի դիմումի հիման վրա կամ Ծառայության գնահատած ռիսկերի առկայության դեպքում ապահովում է աշխատողի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ձերբակալված Ծառայության աշխատողին խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ։ Ընդ որում, տվյալ դեպքում իրականացվող անձնական խուզարկության կամ իրականացվող զննության արդյունքով հայտնաբերված և Ծառայությանը պատկանող տեղեկակիրները կամ տեխնիկական և այլ միջոցներ ենթակա չեն առգրավման ձերբակալումն իրականացրած կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից և փոխանցվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչին։
4․ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց պաշտպանության տրամադրման շրջանակը, կարգը և պայմանները սահմանվում են Ծառայության պետի հրամանով։
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ընտանիքի անդամ են համարվում՝
1) ծառայողի ծնողները, ամուսինը, զավակը․
2) ծառայողի հետ համատեղ բնակվող 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող և ծառայողի խնամքի տակ գտնվող քույրը կամ եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը։ Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում։
(41-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)
(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)