Հոդված 43. Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ
Հոդված 43. Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են Ծառայության պետի նշանակումից հետո՝ իննամսյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերի: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունն իր լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:
3. Ծառայության պետը պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության անձնակազմի քանակը, կանոնադրությունը, անվանացանկը, հաստիքացուցակը և կառուցվածքը:
4. Ծառայության պետը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված և այլ պահանջներ:
5. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմնի կողմից արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավակարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմինը շարունակում է իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում: