Հոդված 42. Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հոդված 42. Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ծառայության ծառայողն իրավունք չունի՝
1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաև Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում և պայմաններով (այդ թվում՝ վարձատրության առանձնահատկությունները սահմանող) կատարվող աշխատանքից, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․
2) լինելու Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնելու ընտրովի կամ այլ պաշտոններ.
3) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, բացառությամբ Ծառայության պետի հրամանով սահմանված այն դեպքերի և պայմանների, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․
4) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու Ծառայության նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) լինելու որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, ստեղծելու կուսակցություններ, մասնակցելու հավաքների.
9) պաշտոնական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
10) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:
2. Ծառայությունում ծառայության անցնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Ծառայության ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքի: Ծառայության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:
3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
4. Ծառայության ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունը դադարեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
5․ Ծառայության աշխատողներին պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով։
6. Ծառայության ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում՝ միայն Ծառայության պետի թույլտվությամբ:
(42-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)
(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)