Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11.1. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.1. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջները

1. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 443-րդ հոդվածի իմաստով՝ պայմանագրի ընդհանուր պայմաններում (այսուհետ սույն հոդվածում՝ պայմանագրի ընդհանուր պայմաններ) չեն կարող ներառվել այնպիսի պայմաններ, որոնցով՝

1) սահմանափակվում կամ բացառվում է արտադրողի (կատարողի, վաճառողի) պատասխանատվությունն սպառողի մահվան կամ սպառողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի պատասխանատվության սահմանափակում կամ բացառում թույլատրված է օրենքով և այլ իրավական ակտերով.

2) անհամաչափորեն սահմանափակվում կամ բացառվում են սպառողի՝ օրենքով նախատեսված իրավունքները, երբ արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից չեն կատարվում կամ ոչ պատշաճ են կատարվում ստանձնած պարտավորությունները, ներառյալ եթե որևէ կերպ սահմանափակվում կամ բացառվում է սպառողի՝ հաշվանց պահանջելու իրավունքը.

3) հնարավորություն է ընձեռվում սպառողի առարկության բացակայության դեպքում ինքնաբերաբար երկարաձգելու որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը, եթե սպառողին նման առարկություն ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չի տրամադրվում.

4) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանիորեն որոշելու վաճառված կամ մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների՝ պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխանությունը.

5) սպառողը պարտավորվում է կատարել իր պարտականություններն այն դեպքերում, երբ արտադրողը (կատարողը, վաճառողը) չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում իր պայմանագրային պարտավորությունները.

6) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում իր կողմից պայմանագիրը լուծելուց կամ ապրանքները չհանձնելուց (չմատակարարելուց), ծառայությունները չմատուցելուց կամ աշխատանքները չկատարելուց հետո ամբողջապես կամ մասնակիորեն չվերադարձնելու (գանձելու կամ այլ կերպ պահելու) չմատակարարված ապրանքների, չմատուցված ծառայությունների կամ չկատարված աշխատանքների համար վճարված գումարը.

7) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը կամ հրաժարվելու դրա կատարումից առանց ողջամիտ ժամկետում տրված համապատասխան ծանուցման, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի.

8) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանիորեն փոփոխելու պայմանագիրն առանց ողջամիտ ժամկետում տրված համապատասխան ծանուցման կամ պայմանագրով նախատեսված հիմնավոր պատճառի, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի.

9) սպառողը պարտավորվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնց ծանոթանալու հնարավորություն չի ունեցել նախքան պայմանագիր կնքելը.

10) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում առանց հիմնավոր պատճառի փոփոխելու տրամադրվող ապրանքի կամ ծառայության ցանկացած բնութագիրը.

11) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանի լուծելու պայմանագիրն այն դեպքում, երբ պայմանագիրը միակողմանի լուծելու իրավունք նախատեսված չէ սպառողի համար.

12) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում ապրանքի գինը որոշելու կամ փոփոխելու մատակարարման պահին առանց սպառողին պայմանագրից հրաժարվելու իրավունք տալու.

13) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում պայմանագրով ստանձնած իր իրավունքներն ու պարտականություններն այլ անձի փոխանցելու այն դեպքում, երբ դա կարող է սպառողի համար առաջացնել երաշխիքների նվազեցում, և սպառողը չի տվել իր համաձայնությունը.

14) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում սպառողի՝ պայմանագրով ստանձնած իր պարտականությունների չկատարման դեպքում պահանջելու պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում.

15) սպառողի համար պայմանագիրը պարտադիր է դառնում այն դեպքում, երբ արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտավորությունների կատարումը պայմանավորվում է այնպիսի հանգամանքով, որն ամբողջությամբ կախված է արտադրողի (կատարողի, վաճառողի) կամքից.

16) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանի մեկնաբանելու պայմանագրի պայմանները.

17) սահմանափակվում է արտադրողի (կատարողի, վաճառողի)՝ վերջինիս ներկայացուցիչների կողմից սպառողի հանդեպ ստանձնած պարտավորության կատարումը, կամ արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտավորության կատարումը պայմանավորվում է ձևական պահանջների պահպանմամբ.

18) սահմանափակվում է սպառողի՝ պայմանագրի լուծման իրավունքն այն դեպքում, երբ արտադրողը (կատարողը, վաճառողը) չի կատարում իր պարտավորությունները.

19) սահմանափակվում է արտադատական, դատական կամ օրենքով սահմանված այլընտրանքային պաշտպանության սպառողի իրավունքը:

2. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ պայմանի առկայության դեպքում նման պայմանն առ ոչինչ է:

2.1. Ցանկացած դեպքում սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում չի կարող ներառվել այնպիսի պայման, երբ, բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին հակառակ, այն անհավասարակշռություն է առաջացնում կողմերի իրավունքների և պարտավորությունների միջև՝ ի վնաս սպառողի, և սպառողը, ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը:

2.2. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգավորումները չեն կիրառվում ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագրերի նկատմամբ՝ ողջամիտ ժամկետում սպառողին տրված համապատասխան ծանուցման և սպառողի կողմից պայմանագրից հրաժարվելու իրավունքի պայմանով:

3. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերը կամ պայմանագրի ընդհանուր պայմանները պետք է շարադրվեն պարզ լեզվով, իսկ այն դեպքում, երբ տարակարծություններ կամ հակասություններ են առաջանում դրանցում օգտագործված բառերի կամ արտահայտությունների նշանակության վերաբերյալ, հիմք է ընդունվում հօգուտ սպառողի մեկնաբանությունը:

(11.1-ին հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-186-Ն, լրաց., փոփ. 16.04.26 ՀՕ-178-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։