Անցնել բովանդակությանը
Գլուխ III · (գլուխը լրաց. 03.07.25 ՀՕ-206-Ն )

Հոդված 37.2. Մոլորեցնող գործողությունը և անգործությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37.2. Մոլորեցնող գործողությունը և անգործությունը

1. Գործողությունը համարվում է մոլորեցնող, եթե այն պարունակում է ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն, կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձևով, որ թեև այն փաստացի ճիշտ է, սակայն կարող է թյուր տպավորություն ստեղծել տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրա պիտանիության, դրա ժամկետի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել միջին սպառողին և դրդում է կամ կարող է դրդել սպառողին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:

2. Անգործությունը համարվում է մոլորեցնող, եթե տնտեսավարող սուբյեկտը ոչ պարզ, ոչ հստակ, ոչ լիարժեք կամ անորոշ ձևով կամ ոչ ճիշտ ժամանակին տրամադրում կամ չի տրամադրում իր, իր գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սպառողին գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար և դրդում է կամ կարող է դրդել սպառողին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:

3. Գնման հրավերի դեպքում տնտեսավարող սուբյեկտը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, տրամադրում է նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) ապրանքի (աշխատանքի, ծառայության) հիմնական բնութագրերը.

2) ապրանքի (աշխատանքի, ծառայության) գինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, բոլոր հավելյալ բեռնափոխադրումների, առաքումների կամ փոստային ծառայությունների գինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վճարման ենթակա լինելու հանգամանքը.

3) վճարման, առաքման, բողոքների ներկայացման կարգն ու ուսումնասիրման քաղաքականությունը.

4) դադարեցման կամ չեղարկման իրավունք վերապահող գործարքների դեպքում՝ այդպիսի իրավունքի առկայությունը.

5) էլեկտրոնային առևտրային հարթակում ներկայացված ապրանքի (աշխատանքի, ծառայության) դեպքում՝ տեղեկատվություն այն մասին՝ արդյոք ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) առաջարկողը վաճառողն է, թե այլ անձ՝ էլեկտրոնային առևտրային հարթակին տրված հայտարարության հիման վրա.

6) էլեկտրոնային առևտրային հարթակում սպառողների կողմից բանալի բառերով, արտահայտություններով կամ այլ եղանակով վաճառողների կամ այլ անձանց կողմից առաջարկվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) որոնման հնարավորության դեպքում, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ, էլեկտրոնային առևտրային հարթակի ինտերֆեյսի հարցման արդյունքներն արտացոլող հատուկ հատվածում ներկայացվում է որոնման արդյունքում ցուցադրվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դասակարգման չափանիշների և դրանց հարաբերական նշանակության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը.

7) էլեկտրոնային առևտրային հարթակում սպառողների կողմից ապրանքին (աշխատանքին, ծառայությանը) տրված գնահատականներ ներկայացված լինելու դեպքում վաճառողի կամ այլ անձի կողմից պետք է ներկայացվեն այդ գնահատականների՝ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.

8) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատման ծառայության դեպքում՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատության մեթոդը, համեմատվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) և դրանք առաջարկող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև չափանիշները, որոնցով ապահովվում է տեղեկատվության պարբերաբար թարմացումը:

4. Ցանկացած դեպքում մոլորեցնող առևտրային գործողություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից՝

1) հայտարարելը, որ վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ է այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը փաստացի վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ չէ.

2) հավաստագրային կամ դրան համարժեք այլ նշան, համապատասխանության հայտարարագիր, համապատասխանության սերտիֆիկատ, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության վերաբերյալ ցանկացած այլ փաստաթուղթ ցուցադրելը՝ առանց դրա առկայության.

3) էկոլոգիական հավաստումը ամբողջ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կամ տնտեսավարող սուբյեկտի ամբողջ տնտեսական գործունեության մասին, երբ այն վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) կոնկրետ հատկանիշի կամ վաճառողի տնտեսական գործունեության կոնկրետ ուղղության.

4) հայտարարելը, որ վարքագծի կանոնագիրքը հաստատվել է պետական մարմնի կողմից, այն դեպքում, երբ վարքագծի կանոնագիրքը որևէ պետական մարմին չի հաստատել.

5) վարքագծի կանոնագրքով ստանձնած պարտավորությունների պահպանման խախտումը.

6) հայտարարելը, որ իր առևտրային գործելակերպը կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հաստատվել կամ թույլատրվել է լիազորված պետական մարմնի կամ մասնավոր ընկերության կողմից, երբ իրականում այդպես չէ, կամ այդպիսի հայտարարություն անելը՝ չհամապատասխանելով հաստատման կամ թույլտվության համար անհրաժեշտ պայմաններին.

7) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, երբ առկա է օբյեկտիվ հիմք ենթադրելու, որ չի կարողանա անձամբ կամ այլ մատակարարի միջոցով ապրանքի (աշխատանքի, ծառայության) գովազդից բխող ողջամիտ ժամկետներում և ծավալներով մատակարարումներ իրականացնել.

8) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, այնուհետև գովազդվող ապրանքը սպառողին ցուցադրելուց կամ դրա համար պատվերներ վերցնելուց, ողջամիտ ժամկետում առաքելուց հրաժարվելը կամ ապրանքի թերություններ ունեցող նմուշ ցույց տալը՝ մեկ այլ ապրանք (աշխատանք, ծառայություն) գովազդելու մտադրությամբ.

9) անմիջապես գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու և տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից կամ բավարար ժամանակից սպառողին զրկելով՝ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով.

10) հայտարարելը կամ այլ կերպ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է օրինական ճանապարհով վաճառվել, երբ իրականում այդպես չէ.

11) օրենքով սպառողներին տրված իրավունքները և ապրանքի (աշխատանքի, ծառայության) և դրա իրացման վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների կատարումը որպես տնտեսավարող սուբյեկտի առաջարկի առանձնահատուկ հատկանիշ ներկայացնելը.

12) լրատվության միջոցներով կամ տեղեկատվության տարածման այլ եղանակներով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գովազդելու նպատակով խմբագրական նյութ ներկայացնելը, երբ տնտեսավարող սուբյեկտը վճարել է դրա համար, սակայն այդ փաստը սպառողի համար հստակ նույնականացվող եղանակով (պատկերներով կամ ձայնային միջոցներով) չի հստակեցրել.

13) սպառողների կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առցանց որոնման արդյունքները ցուցադրելը՝ առանց ակնհայտ ձևով ներկայացնելու վճարովի գովազդի կամ վճարում կատարած լինելու վերաբերյալ տեղեկատվությունը, որն իրականացվել է դրանց դասակարգման համար ավելի բարձր վարկանիշ ձեռք բերելու նպատակով.

14) սպառողի կողմից ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) չգնելու դեպքում իր կամ իր ընտանիքի անվտանգությանն սպառնացող ռիսկի, դրա բնույթի և չափի վերաբերյալ կեղծ հայտարարություն անելը.

15) հայտարարելը, թե տնտեսավարող սուբյեկտը պատրաստվում է դադարեցնել իր ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք, երբ իրականում այդպես չէ.

16) հայտարարելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է նպաստել շահումով խաղերում հաղթելուն.

17) թյուր տպավորություն ստեղծելը կամ հայտարարություն տարածելը, որ դեղամիջոց չհամարվող ապրանքը կարող է օգնել հիվանդություններ, ֆունկցիոնալ խանգարումներ կամ զարգացման արատներ բուժելուն.

18) մարկետինգային բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ գովազդելը, որի դեպքում սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջին հերթին պայմանավորված է մարկետինգային բուրգում այլ սպառողների ներգրավմամբ, այլ ոչ թե ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացմամբ կամ սպառմամբ.

19) շուկայական պայմանների կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գտնելու հնարավորության մասին էական ոչ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելը՝ սպառողին շուկայական պայմաններից տարբերվող, անբարենպաստ պայմաններով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ձեռք բերելուն դրդելու նպատակով.

20) հայտարարելը մրցութային կամ մրցանակային խրախուսման մասին՝ չշնորհելով նկարագրված մրցանակները կամ դրանց համարժեքը.

21) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) որպես «անհատույց», «անվճար», «առանց գումարի» կամ համանման ձևով ներկայացնելը, եթե սպառողը պարտավոր է կատարել այլ վճարներ, բացի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ստանալու կամ դրա առաքման հետ կապված ծախսերից.

22) էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով գնման գործընթացում ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացման հաշվարկային փաստաթղթի տպավորություն ստեղծող փաստաթղթեր ներառելը, որը սպառողի մոտ տպավորություն է ստեղծում, որ ապրանքն արդեն ձեռք է բերվել, երբ իրականում այդպես չէ.

23) հայտարարելը կամ թյուր տպավորություն ստեղծելը, որ տնտեսավարող սուբյեկտը չի գործում իր տնտեսական գործունեության նպատակներից ելնելով, կամ կեղծ ձևով ինքն իրեն որպես սպառող ներկայացնելը.

24) միջոցառումների տոմսերի վերավաճառումը սպառողներին, եթե վերավաճառողը դրանք ձեռք է բերել ավտոմատացված միջոցների կիրառմամբ՝ շրջանցելով տոմսերի քանակի ցանկացած սահմանափակում կամ տոմսերի ձեռքբերման համար սահմանված այլ կանոններ.

25) էլեկտրոնային առևտրային հարթակում ապրանքի (աշխատանքի, ծառայության) վերաբերյալ ներկայացված գնահատականները ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ նշումը, այն դեպքում, երբ չեն ձեռնարկվել համաչափ և ողջամիտ քայլեր՝ պարզելու, որ գնահատականները ձևավորվել են այդ սպառողների կողմից.

26) էլեկտրոնային առևտրային հարթակում տնտեսավարող սուբյեկտի կամ իր օգտին այլ անձանց կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման խթանման նպատակով կեղծ գնահատականներ ստեղծելը կամ այլ ապակողմնորոշիչ միջոցառումներ իրականացնելը, այդ թվում՝ դիտումների կեղծ քանակ ներկայացնելը.

27) ծրագրային ապահովման թարմացման հետևանքով ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման վերաբերյալ սպառողին տեղեկատվություն չտրամադրելը.

28) ծրագրային ապահովման թարմացումը որպես ֆունկցիոնալության պահպանման անհրաժեշտ պայման ներկայացնելն այն դեպքում, երբ այն ուղղված է ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերի ֆունկցիոնալության բարելավմանը.

29) սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը նվազեցնում են ապրանքի պիտանիության ժամկետն այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը տեղյակ էր դրա մասին.

30) ապրանքի պիտանիության ժամկետի վերաբերյալ սպառողին կեղծ տեղեկատվություն ներկայացնելը.

31) ապրանքի վերանորոգման հնարավորության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելը, երբ ձեռք բերված ապրանքը հնարավոր չէ վերանորոգել.

32) սպառողին դրդելը՝ առանց տեխնիկական անհրաժեշտության վաղաժամ փոխարինելու կամ թարմացնելու ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը.

33) վաճառողի կողմից սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ սպառողի կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազման.

34) սպառողին կեղծ տեղեկատվության տրամադրումն այն մասին, որ այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։