Հոդված 2. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 2. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Սպառողական կրեդիտավորման, բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխանաբար «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ սույն օրենքի 11.1-ին հոդվածի, որը տարածվում է նաև սպառողական կրեդիտավորման և բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման վրա:
3. Սույն oրենքի II.1-ին գլխի դրույթները չեն տարածվում հետևյալ պայմանագրերի վրա․
1) սոցիալական ծառայությունների մատուցման, այդ թվում՝ սոցիալական բնակարանային ապահովմանը, խնամքի ծառայությունների տրամադրմանը և սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված այլ պայմանագրեր.
2) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցման պայմանագրեր.
3) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ խաղերի կազմակերպիչների և խաղացողների միջև կնքվող պայմանագրեր.
4) Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող և վերահսկվող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման պայմանագրեր.
5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման կամ փոխանցման, նոր շենքերի կառուցման, գոյություն ունեցող շենքերի վերակառուցման և բնակելի նպատակներով կացարանների վարձակալության, վերավաճառքի և փոխանակման պայմանագրեր.
6) «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված զբոսաշրջային փաթեթների պայմանագրեր.
7) պայմանագրեր, որոնք, օրենքներին համապատասխան, կնքվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց կարգավիճակից բխող գործողությունների համար՝ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով.
8) ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ կապված նպատակներով ձեռք բերվող ապրանքների մատակարարման պայմանագրեր, որոնք պարբերաբար մատակարարվում են սպառողի նշած վայր.
9) վաճառքի ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով կնքվող պայմանագրեր.
10) ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, բացառությամբ սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի.
11) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կնքվող գործարքներ.
12) «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված՝ հարկադիր կատարման շրջանակներում իրականացվող գործարքներ:
(2-րդ հոդվածը լրաց. 17.06.08 ՀՕ-125-Ն, խմբ. 24.05.23 ՀՕ-186-Ն, փոփ., լրաց. 16.04.26 ՀՕ-178-Ն)