Հոդված 195. Միջին աշխատավարձը
Հոդված 195. Միջին աշխատավարձը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:
2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ամենամյա հերթական արձակուրդում, հղիության և ծննդաբերության, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում: Եթե որևէ պատճառով տասներկու ամիսները լրիվ չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է հնարավոր մյուս բոլոր միմյանց նախորդող լրիվ ամիսների և դրանց համար աշխատողին վճարված աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:
Միջին ամսական աշխատավարձը որոշելիս հաշվի չեն առնվում այն պարգևատրումները, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց:
3. Միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը):
4. Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում միջին ժամային աշխատավարձը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21.7-ի և մեկ օրվա աշխատանքային ժամերի քանակի արտադրյալի վրա:
Վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում միջին ժամային աշխատավարձը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 26.1-ի և մեկ օրվա աշխատանքային ժամերի քանակի արտադրյալի վրա: