Հոդված 101. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը
Հոդված 101. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը
1. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է:
2. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները այդ ժամանակահատվածում կարող են ներգրավվել աշխատանքի հանգստյան օրերին և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերին: Հանգստյան օրերի և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերի համար վճարումը կատարվում է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
3. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հատկացվում է վճարովի արձակուրդ կամ պայմանագիրը լուծելիս վճարվում է հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օրվա հաշվարկով:
4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց: Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: