Հոդված 25. Աշխատողների ներկայացուցիչների իրավունքները
Հոդված 25. Աշխատողների ներկայացուցիչների իրավունքները
1. Աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն`
1) վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը.
2) գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ.
3) կազմակերպելու և գլխավորելու գործադուլներ և օրինական այլ միջոցառումներ, որոնց անցկացնելու իրավունք ունեն աշխատողները.
4) առաջարկություններ ներկայացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.
5) աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ իրականացնելու ոչ պետական վերահսկողություն.
6) սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուից ստանալու տեղեկատվություն.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով:
2. Աշխատողների ներկայացուցիչներն իրավասու են կատարելու նաև օրինական այլ գործողություններ` իրականացնելով աշխատողների շահերի ներկայացուցչությունը: Աշխատողների ներկայացուցիչներին կոլեկտիվ պայմանագրով կարող են վերապահվել օրենսդրությանը չհակասող լրացուցիչ իրավասություններ: