Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. ․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքը:

3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից իննամսյա ժամկետում Կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

4․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո կատարված ներդրումների վրա տարածվում է սույն օրենքը: Սույն օրենքը տարածվում է ուժի մեջ մտնելու օրվանից հետո տեղացի ներդրողների կատարած ներդրումների վրա միայն վերջիններիս պատկանող բաժնեմասնակցության մասով, իսկ մնացած ակտիվների մասով տեղացի ներդրողների և նրանց կատարած ներդրումների վրա սույն օրենքը տարածվում է սույն հոդվածի 7-րդ մասի հաշվառմամբ։

5․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ կատարված ներդրումների վրա տարածվում է սույն օրենքը` սույն հոդվածի 6-րդ մասի հաշվառմամբ: Սույն օրենքը չի տարածվում ուժի մեջ մտնելու օրվանից առաջ տեղացի ներդրողների կատարած ներդրումների վրա։

6․ Այն դեպքում, երբ «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքի գործողության ժամանակ կատարված ներդրման վերաբերյալ այդ օրենքը ներդրողի համար սահմանել է ավելի բարենպաստ պայման, քան սույն օրենքը, ապա ներդրողի ցանկությամբ իր կամ իր ներդրման նկատմամբ գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի օգոստոսի 4-ի ՀՕ-115 օրենքի համապատասխան բարենպաստ պայմանը` այդ պայմանի համար նախատեսված ժամկետով, իսկ եթե համապատասխան ժամկետ սահմանված չէ կամ սահմանված է ավելի երկար ժամկետ, ապա ոչ ավելի, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում:

7․ Տեղացի ներդրողների և նրանց կատարած ներդրումների վրա բաժնեմասնակցությունից տարբերվող այլ ակտիվների մասով սույն օրենքը տարածվում է՝

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, եթե տեղացի ներդրողի կատարած ներդրման արժեքը գերազանցում է 500,000,000 Հայաստանի Հանրապետության դրամը․

2) 2028 թվականի հունվարի 1-ից, եթե տեղացի ներդրողի կատարած ներդրման արժեքը գերազանցում է 200,000,000 Հայաստանի Հանրապետության դրամը․

3) 2030 թվականի հունվարի 1-ից բոլոր տեղացի ներդրողների և նրանց կատարած ներդրումների վրա՝ անկախ ներդրման արժեքից։

8. Սույն հոդվածի 7-րդ մասի կիրառման նպատակով`

1) ներդրման արժեքի հաշվարկի մեջ մտնում են տեղացի ներդրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված դրամական ու արտարժութային բոլոր փաստաթղթավորված ներդրումներն ու կապիտալ և ձեռքբերման ծախսերը, բացառությամբ գործառնական ծախսերի ու հաշվապահական վերագնահատումների.

2) արտարժույթով կատարված ներդրումները ներդրման արժեքի հաշվարկի մեջ մտնում են ներդրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով.

3) ոչ դրամական (ոչ փողային) ներդրումները ներդրման արժեքի հաշվարկի մեջ մտնում են ներդրման օրվա դրությամբ դրանց շուկայական արժեքով.

4) տեղացի ներդրող ֆիզիկական անձի ու նույն կամ այլ տեղացի ներդրող իրական շահառու (ուղղակի կամ անուղղակի) ունեցող կազմակերպության համատեղ կատարված ներդրումները համատեղվում (ագրեգացվում) են ներդրման արժեքի հաշվարկի մեջ.

5) այն դեպքում, երբ ներդրումը կատարվում է փուլային եղանակով, ապա սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված համապատասխան գումարի չափը համարվում է բավարարված այն պահից, երբ հանրագումարային ներդրման չափը հավասար կամ գերազանցում է նույն մասով սահմանված չափը:

9. Բացառապես սույն հոդվածի կիրառման նպատակով` այն դեպքում, երբ տեղացի ներդրողը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել է ներդրում և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարել է բաժնեմասնակցությունից տարբերվող այլ ակտիվներով լրացուցիչ ներդրում, ապա սույն օրենքը կիրառվում է միայն լրացուցիչ ներդրման նկատմամբ՝ պայմանով, եթե այն գերազանցում է սույն հոդվածի 7-րդ մասում նշված չափերը:

10. Բացառապես սույն հոդվածի կիրառման նպատակով` օտարերկրյա պետությունում ստեղծված (գրանցված) կազմակերպությունը համարվելու է տեղացի ներդրող, եթե՝

1) տվյալ կազմակերպության ուղղակի կամ անուղղակի իրական շահառու ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է, և

2) տվյալ կազմակերպությունն իր գրանցման կամ ստեղծման երկրում չի զբաղվում էական ձեռնարկատիրական գործունեությամբ, որը գնահատվում է՝ հաշվի առնելով տվյալ երկրում իրական կառավարման գործառույթներ, աշխատակիցներ, ձեռնարկատիրական գործունեության տարածքներ, իր գործունեությանը համահունչ ակտիվներ ունենալու կամ կազմակերպության վերաբերյալ որոշումները տվյալ երկրում կայացվելու հանգամանքները:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2026 թ. հուլիսի 9

Երևան

ՀՕ-285-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։