Հոդված 5. Սահմանադրական երաշխիքներն ու ներդրումներ իրականացնելու ազատությունը
Հոդված 5. Սահմանադրական երաշխիքներն ու ներդրումներ իրականացնելու ազատությունը
1. Հայաստանի Հանրապետությունը, Սահմանադրությանը համապատասխան, երաշխավորում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը և սեփականության, այդ թվում` մտավոր սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը:
2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և պայմաններով կատարվող ներդրումների ազատությունը։ Սույն երաշխիքը չի բացառում օրենքով ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ լիցենզավորման, որոշակի պահանջների կամ այլ թույլտվությունների սահմանումը, որոնք չպետք է լինեն կամայական, խտրական կամ անհամաչափ և պետք է բխեն հանրային շահերի պաշտպանության նպատակներից:
3. Հայաստանի Հանրապետությունում որոշակի ոլորտներում, աշխարհագրական տարածքներում կամ կազմակերպություններում ներդրումների կատարման ազատությունը կարող է սահմանափակվել կամ արգելվել բացառապես հանրային առողջապահության, շրջակա միջավայրի պահպանման և կլիմայական ռիսկերի մեղմման, ֆինանսական և գների կայունության ապահովման, Հայաստանի Հանրապետության հանրային կարգը, ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունն ապահովելու գերակա նպատակներով՝ բացառապես օրենքով։ Նման սահմանափակումները և արգելքները պետք է լինեն որոշակի, ոչ խտրական և համարժեք: