Հոդված 9. Ներդրողների պաշտպանությունը
Հոդված 9. Ներդրողների պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետությունում ներդրողներն օգտվում են իրավական պաշտպանության հետևյալ միջոցներից.
1) արդարադատության մատչելիության իրավունքից` քրեական, քաղաքացիական կամ վարչական և այլ դատական վարույթներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված վեճերի լուծման արտադատական միջոցներից.
2) դատական, արտադատական և վարչական վարույթներում օրենքով սահմանված ընթացակարգերի պատշաճ կիրառման իրավունքից, որը, ի թիվս այլոց, ներառում է որոշումների կայացման էական ձգձգումների, ներառյալ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետների, իսկ այդպիսի ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ համապատասխան գործընթացի բնույթով պայմանավորված ողջամիտ ժամկետների խախտումների բացառումը, ինչպես նաև դատական և վարչարարական որոշումների և ընթացակարգերի թափանցիկության ապահովումը․
3) դատական, վարչարարական և իրավապահ մարմինների որոշումներում որևէ խտրականության կամ կամայականության բացառումից․
4) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ներդրողների նկատմամբ ճնշումների, անօրինական հարկադրանքի, սպառնալիքի բացառումից․
5) ֆիզիկական պաշտպանվածությունից և անվտանգությունից, որը ներառում է իրավասու մարմինների պարտավորությունը՝ ձեռնարկելու ողջամիտ միջոցներ՝ արձագանքելու բռնության, վանդալիզմի կամ երրորդ կողմերի կողմից իրականացվող անօրինական միջամտության գործողություններին և կանխելու դրանք, որոնք կարող են ֆիզիկական վնաս հասցնել ներդրմանը կամ վտանգել ներդրողի անձնական անվտանգությունը․
6) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված և ներդրողներին ու ներդրումներին վերաբերելի այլ միջոցներից։