Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Ներդրումների պաշտպանությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ներդրումների պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ներդրողների կատարած ներդրումների պաշտպանությունն ուղղակի կամ անուղղակի էքսպրոպրիացիայից:

2. Սույն օրենքի իմաստով՝ ուղղակի էքսպրոպրիացիա է համարվում պետության (պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի) պաշտոնական գործողությունը կամ միջոցառումը, որը հանգեցնում է ներդրման կամ դրա որևէ մասի հարկադրաբար վերցնելուն կամ առգրավմանը, ներառյալ բռնագանձմանը, օտարմանը, ռեկվիզիցիային, բռնագրավմանը կամ պետականացմանը (ազգայնացմանը)՝ սեփականության իրավունքից զրկելու միջոցով։

3. Սույն օրենքի իմաստով՝ անուղղակի էքսպրոպրիացիա է համարվում պետության կողմից դիտավորյալ և խտրական գործողությունների կատարումը կամ որոշումների կայացումը, որը հանգեցրել է (նույնիսկ եթե սեփականության իրավունքի փոխանցում կամ տիրապետումից զրկում տեղի չի ունեցել) ներդրման օգտագործման, արժեքի կամ տնտեսական օգուտի էական և երկարատև զրկման։

4. Օրինական պարտավորությունների հարկադիր կատարմանն ուղղված՝ օրենքին համապատասխան իրականացված միջոցառումները, ներառյալ պարտքերի գանձումը, հարկային պարտավորությունների կատարումը կամ դատական ակտերի կատարումը, ուղղակի էքսպրոպրիացիա չեն համարվում։ Այդպիսի միջոցառումները չեն համարվում նաև անուղղակի էքսպրոպրիացիա, քանի դեռ, հաշվի առնելով և վերլուծելով համապատասխան գործի առանձին փաստերը, սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն, այլ բան չի որոշվել։

5․ Փոխկապակցված մի քանի միջոցառումները կարող են համարվել անուղղակի էքսպրոպրիացիա, նույնիսկ եթե յուրաքանչյուր միջոցառում առանձին-առանձին նման ազդեցություն չի ունենա։ Որոշելու համար, թե արդյոք որևէ միջոցառում կամ միջոցառումների շարք համարվում է անուղղակի էքսպրոպրիացիա, անհրաժեշտ է հաշվի առնել և վերլուծել յուրաքանչյուր գործի առանձին փաստերը, որի ընթացքում պետք է պատշաճ ուշադրություն դարձվի միջոցառման նպատակին և բնույթին, ներդրողի առանձին, ողջամիտ ներդրումային սպասումներին, ինչպես նաև հետապնդվող հանրային նպատակի և ներդրման վրա ազդեցության միջև համաչափությանը։

6․ Արտակարգ կամ ռազմական դրությամբ, ինչպես նաև հանրային շահով պայմանավորված և օրինական նպատակների համար, ինչպիսիք են հանրային առողջապահությունը, ազգային անվտանգությունը կամ շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը, ֆինանսական կայունությունը, ոչ խտրական կարգավորիչ և վերահսկողական միջոցառումները, եթե իրականացվել են օրենքի պահանջների պահպանմամբ, չեն համարվում անուղղակի էքսպրոպրիացիա, եթե դրանք ակնհայտորեն չափազանց կամ անհամաչափ չեն իրենց նպատակի նկատմամբ:

7. Հայաստանի Հանրապետությունում ոչ իրավաչափ ձևով (օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ կամ եթե, չնայած կիրառվել են օրենքով սահմանված հիմքեր, սակայն իրականում այդպիսի հիմքերի փաստացի բացակայության պայմաններում նպատակը եղել է ներդրողին սեփականությունից զրկելը) ուղղակի էքսպրոպրիացիայի իրականացումը, ինչպես նաև անուղղակի էքսպրոպրիացիան արգելվում են, իսկ եթե ի խախտումն այդ արգելքի՝ դրանք տեղի են ունեցել, ապա ներդրողն իրավունք ունի ստանալու սույն հոդվածի 9-11-րդ մասերով, ինչպես նաև միջազգային կամ այլ պայմանագրերով սահմանված համարժեք փոխհատուցում:

8. Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումների ուղղակի էքսպրոպրիացիա կարող է տեղի ունենալ հանրային գերակա շահի ապահովման կամ արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմների շրջանակում` օրենքով սահմանված հիմքերով ու կարգով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում, որը պետք է տեղի ունենա սույն հոդվածի 9-11-րդ մասերով սահմանված սկզբունքների և պահանջների պահպանմամբ:

9. Հանրային գերակա շահի, արտակարգ դրության և ռազմական դրության հետ կապված փոխհատուցման ռեժիմները սահմանվում են Սահմանադրությամբ, ինչպես նաև համապատասխանաբար «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով։ Պարտավորությունների համար գույքի վրա բռնագանձումը տարածվում է, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում դատավճռով կամ վճռի հիման վրա գույքը (այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքը) կարող է վերցվել (բռնագանձվել, բռնագրավվել) անհատույց ձևով: Օրենքով նախատեսված այլ դեպքերում իրականացվող ուղղակի էքսպրոպրիացիայի, ոչ իրավաչափ ձևով իրականացված ուղղակի էքսպրոպրիացիայի, ինչպես նաև անուղղակի էքսպրոպրիացիայի ժամանակ տրվում է համարժեք փոխհատուցում՝ ի լրումն օրենքով սահմանված այլ պահանջների և ընթացակարգերի՝ նաև հետևյալ սկզբունքների պահպանմամբ.

1) ոչ խտրական, արագ, համարժեք և արդյունավետ կերպով․

2) գույքի արդար շուկայական արժեքի նախնական փոխհատուցմամբ` օրենքով նախատեսված դեպքերում, իսկ օրենքով նախնական փոխհատուցման պահանջ սահմանված չլինելու դեպքում` ողջամիտ ժամկետներում․

3) գույքի արդար շուկայական արժեքի որոշումը` սույն հոդվածի 10-րդ մասի պահանջների հաշվառմամբ:

10. Փոխհատուցումը պետք է համարժեք լինի էքսպրոպրիացված ներդրման արդար շուկայական արժեքին անմիջապես էքսպրոպրիացումից առաջ կամ դրա հրապարակային իմացության պահից (որը ավելի վաղ լինի) և չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն, որը տեղի է ունեցել նախատեսված էքսպրոպրիացիայի մասին իմացության պատճառով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով այլ բան է սահմանված հանրային գերակա շահի, արտակարգ դրության կամ ռազմական դրության հետ կապված փոխհատուցման ռեժիմների համար։ Փոխհատուցումը կարող է ներառել տոկոսագումար՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով հաշվարկված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Եթե արդար շուկայական արժեքը հնարավոր չէ որոշել, ապա փոխհատուցումը պետք է որոշվի՝ հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոններն ու հանգամանքները, ներառյալ կատարված ներդրումը, ներդրման բնույթը և տևողությունը, փոխարինման արժեքը, հաշվեկշռային արժեքը և գուդվիլը (goodwill)։ Ընդ որում, ներդրման փոխհատուցման մեջ չեն ներառվում բաց թողնված օգուտը և այլ վնասներ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ներդրողի հետ Հայաստանի Հանրապետության կնքած պայմանագրով այլ բան սահմանված չէ:

11. Սույն հոդվածի իմաստով՝ արդար շուկայական արժեք է համարվում այն արժեքը, որը որոշվում է շուկայական արժեքի որոշման հնարավոր մեթոդաբանություններից այն մեթոդաբանության հիման վրա, որն առավելապես հաշվի է առնում էքսպրոպրիացիայի փաստացի հանգամանքները և ներդրողին արդարացի փոխհատուցում վճարելու հրամայականը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։