Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1․ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ներդրում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով հետևյալ ակտիվների օրինական ձեռքբերումը, հատկացումը, ստեղծումը կամ օգտագործումը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի), պայմանով, որ այդ ակտիվներն օգտագործվում են կամ ակնհայտորեն ձեռք են բերվել (հատկացվել են, ստեղծվել են) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով.
ա. գույքը (ներառյալ դրամական միջոցները, ինչպես նաև տեղեկատվությունը կամ մտավոր սեփականության օբյեկտների (այդ թվում՝ գյուտերի, արդյունաբերական դիզայնի և արտադրության գաղտնիքների (նոու-հաու), ապրանքային նշանների (սպասարկման նշանների)) նկատմամբ իրավունքները),
բ. բաժնետոմսը, բաժնեմասը, փայը և առևտրային կազմակերպությունում կամ ներդրումային ֆոնդում բաժնեմասնակցություն վկայող այլ իրավունքներ կամ գործիքներ (այսուհետ` բաժնեմասնակցություն), ինչպես նաև այլ արժեթղթեր,
գ. տնտեսական արժեք ներկայացնող պահանջի իրավունքները, որոնք ուղղակիորեն կամ սերտորեն կապված են ներդրման հետ,
դ. գույքային իրավունքները, կոնցեսիոն իրավունքները, լիցենզիաները, շահագործման կամ այլ թույլտվություններ կամ համանման իրավունքներ, որոնք վերապահված են օրենքով կամ պայմանագրով, ներառյալ բնական ռեսուրսների որոնման, մշակման, արդյունահանման կամ շահագործման իրավունքները,
ե. ներդրման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված նոր ակտիվը․
2) ներդրող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարող ֆիզիկական անձ (անկախ քաղաքացիությունից, դրա բացակայությունից կամ ռեզիդենտությունից), իրավաբանական անձ (անկախ գրանցման կամ ռեզիդենտության երկրից), ներդրումային ֆոնդ, ինչպես նաև պետություններ ու համայնքներ․
3) ներդրումային ծրագիր` ներդրողի կողմից շահույթի (եկամտի) ստացման կամ արժեք ստեղծող գործողությունների պլան, որը նախանշում է ներդրողի կողմից կատարվելիք ներդրումների նպատակը, ծավալը, բյուջեն, աղբյուրները, ժամկետները, եղանակները, եկամտաբերությունը կամ ստեղծվելիք արժեքը, արդյունքները և հնարավոր ռիսկերը․
4) հսկողություն կամ նշանակալի ազդեցություն` որոշումներն ուղղորդելու կամ դրանց վրա էականորեն ազդելու ունակություն, այդ թվում՝ քվեարկության իրավունքի, խորհրդում ներկայացվածության, արգելք դնելու իրավունքների, բաժնետիրական համաձայնագրերի կամ նմանատիպ պայմանավորվածությունների միջոցով․
5) օտարերկրյա ներդրող` օտարերկրյա պետությունը, օտարերկրյա համայնքը, այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, կամ որի հիմնական բնակության վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, կամ այն կազմակերպությունը, որն ստեղծվել է այլ պետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված այն կազմակերպությունը, որի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ձևով նշանակալի ազդեցություն կամ հսկողություն ունեն այդպիսի անձինք կամ կազմակերպությունները․
6) տեղացի ներդրող` օտարերկրյա ներդրող չհամարվող ներդրողը։
2. Սույն օրենքի իմաստով՝ ներդրում չեն համարվում պորտֆելային ներդրումները, որոնք չեն ապահովում հսկողություն կամ նշանակալի ազդեցություն կազմակերպության նկատմամբ և ձեռք են բերվում հիմնականում կարճաժամկետ եկամտի, գնի աճի կամ իրացվելիության համար և ուղղված չեն երկարատև տնտեսական հարաբերությունների հաստատմանը։ Ընդ որում, պորտֆելային ներդրումները ներառում են հետևյալը, բայց չեն սահմանափակվում դրանցով.
1) ընկերությունում 10 տոկոսից պակաս ցուցակված քվեարկող բաժնային արժեթղթերով մասնակցությունը, որը չի տալիս ինչպես տնօրենների խորհրդում ներկայացված լինելու, այնպես էլ կառավարման իրավունքներ, բացառությամբ փոքրամասնություն կազմող բաժնետերերի պաշտպանության նպատակով սահմանված իրավունքների․
2) 12 ամիս կամ դրանից պակաս սկզբնական մարման ժամկետով պարտքային արժեթղթերի ձեռքբերումը․
3) շուկայական արժեթղթերում և ածանցյալ գործիքներում ներդրումը, որը չի հանգեցնում թողարկողի նկատմամբ հսկողության կամ նշանակալի ազդեցության․
4) առևտրային դեբիտորական պարտքերը և պահանջները, որոնք առաջանում են բացառապես ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման կամ աշխատանքի կատարման պայմանագրերից։