Հոդված 17.1. Հավատարմագրման կրճատումը, լրիվ կամ մասնակի կասեցումը, դադարեցումը
Հոդված 17.1. Հավատարմագրման կրճատումը, լրիվ կամ մասնակի կասեցումը, դադարեցումը
1. Հավատարմագրման կրճատման հիմք են`
1) ՀԳՄ-ի դիմումը.
2) Կարգով սահմանված դեպքերում գնահատումների, ուսումնասիրության ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները:
2. Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցման հիմք են`
1) ՀԳՄ-ի դիմումը՝ նշելով կասեցման պատճառները.
2) գնահատումների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները Կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը կամ վերացնելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը.
3) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս ՀԳՄ-ների` Կարգով սահմանված հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանությունը.
4) Հավատարմագրման ազգային մարմնի և ՀԳՄ-ի միջև կնքված հավատարմագրման պայմանագրում ամրագրված պարտավորությունների չկատարումը:
3. Հավատարմագրման լրիվ կասեցման ժամանակահատվածում ՀԳՄ-ն չի կարող ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաև վերահավատարմագրման հայտ:
4. (մասն ուժը կորցրել է 03.07.26 ՀՕ-342-Ն)
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ուշ, քան հինգ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով ՀԳՄ-ի կողմից ներկայացված կասեցման հիմքերը վերացնելու միջոցառումների իրականացման ժամկետները: Կասեցումից հետո հավատարմագրումը ենթակա է վերականգնման՝ ուսումնասիրության, պարբերական կամ արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա՝ ՀԳՄ-ի կողմից ներկայացված դիմումի դեպքում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ և պետք է ուղեկցվի կասեցման հիմքերի վերացումը հավաստող համապատասխան ապացույցներով:
6. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է`
1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա.
2) սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.
3) գնահատումներից հրաժարվելու դեպքում.
4) կեղծ տեղեկատվություն տրամադրելու կամ Հավատարմագրման ազգային մարմնին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու դեպքում.
5) ՀԳՄ-ի գնահատումների ընթացքում հայտնաբերված հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում.
6) Հավատարմագրման ազգային մարմնի և ՀԳՄ-ի միջև կնքված հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում.
7) առանց համապատասխանության գնահատման գործընթաց իրականացնելու (բավարար հիմքերի բացակայություն) համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դեպքում:
7. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների արդյունքներով հավատարմագրման դադարեցման կամ կրճատման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման կամ հավատարմագրման ընդլայնման հայտը ներկայացնել համապատասխան որոշումն ընդունելուց առնվազն վեց ամիս հետո` անհամապատասխանությունները վերացնելու դեպքում:
8. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կասեցման, դադարեցման համար:
9. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի վերաբերյալ բողոքների ուսումնասիրության կամ հիմնավոր կասկածի դեպքում արտահերթ գնահատման ընթացքում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման համար:
10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ, 4-րդ կամ 7-րդ կետերով սահմանված հիմքերով հավատարմագրման դադարեցման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը, մասնակիցը կամ ղեկավար պաշտոնատար անձը (այդ թվում՝ տնօրենը, ՀԳՄ-ի ղեկավարը, նրա տեղակալները կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող այլ անձ) չեն կարող առնվազն վեց ամիս հավատարմագրման հայտ ներկայացնել իրենց կամ մեկ այլ իրավաբանական անձի անունից:
(17.1-ին հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց., խմբ. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)