Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 3 · ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 24. Պայմանագրային ֆոնդի կանոնները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Պայմանագրային ֆոնդի կանոնները

1. Պայմանագրային ֆոնդի կանոնները առնվազն ներառում են`

1) ֆոնդի անվանումը և գործունեության ժամկետը (եթե նրա գործունեությունը սահմանափակված է որոշակի ժամկետով), կառավարչի, պահառուի և ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի (եթե այն կառավարչից տարբերվող այլ անձ է) անվանումը և գտնվելու վայրը.

2) ֆոնդի տեսակը (ըստ ներդրումային քաղաքականության և ըստ փայերի թողարկման և հետգնման կառուցակարգի) և կարգավիճակը (պայմանագրային ֆոնդ).

3) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, այդ թվում` ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները, ներդրումների հետ կապված ռիսկերի համառոտ նկարագիրը.

4) ածանցյալներով գործարքների կնքման նպատակները, թույլատրելի ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, սահմանաչափերը, թույլատրելի ռիսկերի առավելագույն չափերը և դրանց հաշվարկման մեթոդը, եթե ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ածանցյալ ֆինանսական գործիքներում.

5) փայերի դասերը և դրանցից յուրաքանչյուրով հավաստվող իրավունքները, փայի անվանական արժեքը (առկայության դեպքում).

6) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը.

7) ֆոնդի ակտիվներից կառավարչին և պահառուին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը, ֆոնդի հաշվին կատարվող ծախսերի տեսակները և դրանց առավելագույն չափը.

8) փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և հրապարակման կարգն ու ժամկետները.

9) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.

10) տեղեկատվության հրապարակման կարգը.

11) ֆոնդի կանոնների փոփոխման կարգը.

12) կառավարչի և պահառուի փոփոխման կարգը և պայմանները.

13) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում).

14) փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման), ինչպես նաև փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցման կարգը և պայմանները.

15) փայերի փոխանակման կարգը և պայմանները, եթե նախատեսվում է փայերի փոխանակման հնարավորություն.

16) ֆոնդի մասնակիցների և կառավարչի իրավունքները և պարտականությունները.

17) փակ ֆոնդի ժողովի գումարման նվազագույն պարբերականությունը, անցկացման և որոշումների ընդունման կարգը, արտահերթ ժողով գումարելու դեպքերը և կարգը, ինչպես նաև ֆոնդի ժողովին վերապահված բացառիկ իրավասությունները կամ նշում այն մասին, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում.

18) ֆոնդի տեսակի փոփոխման, ֆոնդի միացման և ֆոնդի դադարման կարգը.

19) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բաց պայմանագրային ֆոնդի կանոններում ներառման ենթակա այլ դրույթներ և տեղեկություններ:

3. Փայի ձեռքբերմամբ ֆոնդի կանոնները համարվում են ֆոնդի մասնակցի կողմից ընդունված:

4. Ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները և (կամ) լրացումները ենթակա են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցվելու պահից, բացառությամբ սույն օրենքի 26-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված դեպքի:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է գրանցել ֆոնդի կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները, եթե դրանք հակասում են օրենքին, դրա վրա հիմնված այլ նորմատիվ իրավական ակտերին և (կամ) չեն բխում ֆոնդի մասնակիցների շահերից:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում ֆոնդի կանոնների փոփոխությունների և (կամ) լրացումների գրանցմանը վերաբերող դրույթները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա, և վերջինների կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ` Կենտրոնական բանկ ներկայացվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առանց այդ փոփոխությունների և (կամ) լրացումների բովանդակության ստուգման, եթե առկա չէ ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից դրանց` օրենքին և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին:

(24-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն, 01.03.17 ՀՕ-72-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։