Հոդված 64. Ներքին աուդիտը
Հոդված 64. Ներքին աուդիտը
1. Կառավարիչը պարտավոր է ունենալ համապատասխան ներքին հսկողության համակարգ, որը կներառի ֆոնդի կառավարման գործունեության բոլոր մակարդակները:
2. Կառավարիչը պարտավոր է ունենալ` իր այլ գործառնական ստորաբաժանումներից անկախ ներքին աուդիտի ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել իր գործառնական ստորաբաժանումներից և դրանց աշխատակիցներից անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն կառավարչի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չեն կարող լինել կառավարչի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կառավարչի ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:
Սույն մասը չի սահմանափակում ներքին աուդիտի գործառույթի իրականացումը կառավարչի հետ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միևնույն խմբին պատկանող ֆինանսական կազմակերպության ներքին աուդիտորի կողմից:
3. Ներքին աուդիտորները նշանակվում են կառավարչի խորհրդի կողմից: Ներքին աուդիտը պետք է հնարավորություն ունենա ապահովելու ներքին հսկողության արդյունավետ համակարգ: Այդ նպատակով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են պահանջներ սահմանվել ներքին աուդիտորների նվազագույն քանակի նկատմամբ` կախված տվյալ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի քանակից և (կամ) պորտֆելի չափից:
4. Ներքին աուդիտն իր իրավասություններն իրականացնելիս անկախ է և հաշվետու է խորհրդին:
5. Ներքին աուդիտոր կարող է լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող անձը:
6. Ներքին աուդիտը խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն`
1) հսկողություն է իրականացնում կառավարչի ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ.
2) ստուգում է կառավարչի գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կարգավորվող շուկայի կանոններով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ:
7. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել կառավարչի կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:
8. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը, որն առնվազն ներառում է`
1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում.
2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:
9. Կառավարչի գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտի իրավասությունների արդյունավետ իրականացման համար:
10. Ներքին աուդիտը պարտավոր է կառավարչի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև ֆոնդի մասնակիցների և (կամ) հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին դրանց հայտնաբերման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտնել կառավարչի խորհրդին, գործադիր մարմնին և Կենտրոնական բանկին:
11. Կառավարչի մոտ վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:
(64-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն)