Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 2 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 10. Պայմանագրային և կորպորատիվ ֆոնդերը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Պայմանագրային և կորպորատիվ ֆոնդերը

1. Պայմանագրային ֆոնդը կառավարվում է կառավարչի կողմից` ֆոնդի կանոնների (ֆոնդի կառավարման պայմանագրերի) հիման վրա:

2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման շնորհիվ ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ինչպես նաև ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու իրավունքներով` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով: Փակ պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը դրսևորվում է նաև ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով ֆոնդի մասնակիցների ընդհանուր ժողովին (այսուհետ` ֆոնդի ժողով) վերապահված իրավասություններով առաջարկություններ ներկայացնելու և որոշումներ կայացնելիս իրենց պատկանող փայերի քանակին և հաշվարկային արժեքին համապատասխան ձայների քանակով ֆոնդի ժողովին մասնակցության իրավունքով, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Պայմանագրային ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են ֆոնդի կամ այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման:

4. Պայմանագրային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի կառավարիչ, և որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին:

5. Պայմանագրային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով կառավարչի ստանձնած պարտավորությունների կատարման կարգի և պայմանների (այդ թվում` դրանց համար նրա պատասխանատվության շրջանակների) նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող պայմանագրային ֆոնդի կառավարչի համար սահմանված համապատասխան դրույթները:

6. Կորպորատիվ ֆոնդը կարող է հանդես գալ միայն հաստատուն կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերության, իսկ լրացուցիչ ռիսկով ֆոնդերի և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի դեպքում` նաև վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով:

7. Կորպորատիվ ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է տվյալ ֆոնդի անունից և նրա հաշվին: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարիչն իր գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն է կրում տվյալ ֆոնդի պարտավորությունների համար:

(10-րդ հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։