Հոդված 79. Կառավարչի լուծարային հանձնաժողովը
Հոդված 79. Կառավարչի լուծարային հանձնաժողովը
1. Կառավարչի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչի լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում:
2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչին լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով:
3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ստացած անձինք:
4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ կառավարչի գործադիր մարմինը, եթե կառավարչի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող կառավարչի կառավարման լիազորությունները:
6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից 5-օրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին կառավարչի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրացուցային օրից:
7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: