Հոդված 108. Տուգանքը
Հոդված 108. Տուգանքը
1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում, եթե վերահսկվող անձի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) նախազգուշացում տալու արդյունքում այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները չեն վերացվել կամ չեն կարող վերացվել, Կենտրոնական բանկի նախագահն իրավասու է նման խախտում թույլ տված անձի նկատմամբ իր որոշմամբ կիրառելու տուգանք:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում նշանակված տուգանքի առավելագույն չափի նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սահմանված տուգանքի առավելագույն չափի մասին դրույթները, եթե այլ օրենքներով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ:
3. Տուգանքի չափը որոշելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում`
1) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը).
2) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.
3) անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.
4) նախկինում նույն անձի կողմից նույն կամ այլ խախտում թույլ տված լինելը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության բնույթն ու չափը.
5) Կենտրոնական բանկի կողմից էական ճանաչված այլ հանգամանքներ:
4. Բոլոր դեպքերում տուգանքի չափը չպետք է հանգեցնի վերահսկվող անձի` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական վիճակին:
5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները կամովին չվճարվելու դեպքում գանձվում են դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա: Ընդ որում, վերահսկվող անձի ղեկավարի կամ դրա կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձի նկատմամբ կիրառված տուգանքը գանձվում է նրա անձնական միջոցներից:
6. Սույն գլխով նախատեսված կարգով գանձված տուգանքներն ուղղվում են պետական բյուջե: