Հոդված 32. Փայերի (բաժնետոմսերի) հետգնումը (մարումը)
Հոդված 32. Փայերի (բաժնետոմսերի) հետգնումը (մարումը)
1. Բաց ֆոնդի մասնակիցն իրավունք ունի յուրաքանչյուր աշխատանքային օր իրեն պատկանող փայերը (բաժնետոմսերը) ներկայացնելու համապատասխան ֆոնդին` հետ գնելու համար: Բաց ֆոնդը պարտավոր է ֆոնդի մասնակցի պահանջով հետ գնել (մարել) իր թողարկած փայերը (բաժնետոմսերը)` ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված ժամկետում: Այդ ժամկետը հաշվարկվում է ֆոնդի մասնակցի կողմից փայի (բաժնետոմսի) հետգնման պահանջը ներկայացնելու օրվանից և չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը:
2. Միջակայքային ֆոնդը պարտավոր է ֆոնդի մասնակցի պահանջով հետ գնել (մարել) իր թողարկած փայերը (բաժնետոմսերը) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված միջակայքային ժամանակահատվածում` հետգնման (մարման) հայտի ընդունումից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Միջակայքային ֆոնդի փայերի հետգնման (մարման) հայտի ընդունման ժամանակահատվածը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, իսկ հետգնման միջակայքերի պարբերականությունը` տարեկան մեկ անգամից:
3. Փակ պայմանագրային ֆոնդի այն մասնակիցները, ովքեր ֆոնդի ժողովում դեմ են քվեարկել ֆոնդի միացմանը կամ ֆոնդի կանոնների` իրենց իրավունքները սահմանափակող փոփոխություններին կամ լրացումներին կամ չեն մասնակցել այդ հարցով քվեարկությանը, ինչպես նաև սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ունեն իրենց փայերի հետգնման պահանջ ներկայացնելու իրավունք «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով պայմանագրային ֆոնդի առանձնահատկությունները:
4. Փակ կորպորատիվ ֆոնդերի բաժնետոմսերը ենթակա են հետգնման «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:
5. Փայը (բաժնետոմսը), բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի, հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) հետ է գնվում (մարվում է) հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:
5.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:
6. Հետգնման (մարման) ժամանակ փայի (բաժնետոմսի) հետգնման (մարման) գինը վճարվում է ֆոնդի ակտիվներից` դրամական միջոցներով:
7. Հետգնված փայը (բաժնետոմսը) չի տալիս ձայնի իրավունք, հաշվի չի առնվում ձայների, ինչպես նաև փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի հաշվարկի ժամանակ, և դրանով շահաբաժին չի հաշվարկվում: Հետգնված փայը (բաժնետոմսը) չի կարող կրկին վաճառվել և ենթակա է մարման:
8. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-68-Ն)
(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն)