Հոդված 92. Հաշվետվությունները
Հոդված 92. Հաշվետվությունները
1. Կառավարիչը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ է ներկայացնում իր և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի տարեկան և միջանկյալ հաշվետվությունները: Հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, դրանց ներկայացման և հրապարակման կարգը, ժամկետներն ու պարբերականությունը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք կենսաթոշակային ֆոնդերի մասով պետք է համապատասխանեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան դրույթներին:
1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձը կազմում և Կենտրոնական բանկ է ներկայացնում իր և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի տարեկան և միջանկյալ հաշվետվությունները: Ոչ հրապարակային ֆոնդերի վերաբերյալ հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, դրանց ներկայացման կարգը, ժամկետներն ու պարբերականությունը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
2. Կառավարիչն իր վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է Կենտրոնական բանկի կողմից ընդունելի և միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքներին համապատասխան:
3. Կենտրոնական բանկի նորմատիվ ակտով կարող են սահմանվել կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացնելու պարտականությունը և տեղեկացման կարգը:
4. Կառավարչի կողմից հրապարակվող և (կամ) Կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական և արժանահավատ:
5. Սույն հոդվածով նախատեսված հրապարակման պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդի վրա։
(92-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-68-Ն, լրաց., խմբ. 22.01.25 ՀՕ-23-Ն)
(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)