Հոդված 13. Պետական գրանցման կազմակերպումը
Հոդված 13. Պետական գրանցման կազմակերպումը
Պետական գրանցման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը, մարզային բաժանմանը համապատասխան, բաժանվում է կադաստրային տարածքների, որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:
Կադաստրային տարածքները բաժանվում են կադաստրային ենթատարածքների, որոնք չպետք է խախտեն համայնքների սահմանները և որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:
Կադաստրային ենթատարածքները բաժանվում են առանձին սեկտորների, թաղամասերի, միավորների, որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:
Շենքերին և շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր, որոնք կապված են համապատասխան հողամասի կադաստրային ծածկագրի հետ:
Կադաստրային տարածքների և ենթատարածքների համար առանձնացվում են անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններ:
Հայաստանի Հանրապետությունում գործում է անշարժ գույքի միավորների հաշվառման և պետական գրանցման համար ծածկագրման միասնական համակարգ:
Հաշվառման և պետական գրանցման համար ծածկագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքային կամ գյուղական համայնքներին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56 հոդվածի պահանջների համաձայն, անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունների մասին հրահանգը սահմանվում է լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից:
Պետական գրանցման կազմակերպման նպատակով լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից կարող են ընդունվել պետական գրանցման առանձնահատկությունները կարգավորող այլ իրավական ակտեր:
(13-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն)