Հոդված 44. Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը
Հոդված 44. Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը
Պետական գրանցման համակարգը բաց է:
Հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները:
Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունից կարող են օգտվել բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Անշարժ գույքի միավորի կադաստրային գործի տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում:
Օրենքով նախատեսված դեպքերում, կադաստրային գործը տրամադրելիս, այն պատճենահանվում է և պահվում անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից` մինչև կադաստրային գործը վերադարձնելը:
Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս տրվում են կադաստրային գործից քաղվածքները կամ փաստաթղթերի պատճենները:
Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է` նշելով անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականատիրոջ անունը, անվանումը, անշարժ գույքի գտնվելու վայրը, սեփականության, օգտագործման, գրավի, հիփոթեքի, գրանցված իրավունքների սահմանափակումները (այդ թվում` սերվիտուտների առկայությունը), անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների, հատակագծերի, գնահատման և անշարժ գույքի վերաբերյալ այլ իրավունքների տվյալներ:
Շենքերի և շինությունների հատակագծերը տրամադրվում են միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:
Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկությունները հաստատվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կնիքով:
Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: