Հոդված 84. Փորձագետի եզրակացությունը
Հոդված 84. Փորձագետի եզրակացությունը
1. Փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
2. Առաջին ատյանի դատարանը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն հնգօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց:
3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ։
4. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն պետք է պարունակի`
1) նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին,
2) նշում կիրառված մեթոդների մասին,
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։