Հոդված 422. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելը
Հոդված 422. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելը
1. Դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե՝
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները.
2) տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ.
3) բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր երևան եկած կամ նոր հանգամանքի առկայությունը:
2. Դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ենթակա է վերադարձման նաև համապատասխանաբար սույն օրենսգրքի 371-րդ և 395-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:
3. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշում կայացնելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում է միայն դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը:
4. Սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի պահանջների խախտման, սահմանված ժամկետը լրանալուց հետո բողոքը ներկայացվելու և սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չպարունակելու կամ մեկից ավելի դատական ակտերի դեմ բողոք բերված լինելու հիմքերով բողոքը վերադարձնելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում դատարանը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու մասին: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրվում:
5. Վերաքննիչ դատարանի` դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում: