Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-24-ից մինչև 2021-10-29։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 87. Գործին մասնակցող անձի մասնակցությունը փորձաքննությանը: Նմուշներ վերցնելու կարգը

գործել է մինչև 2021-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 87. Գործին մասնակցող անձի մասնակցությունը փորձաքննությանը: Նմուշներ վերցնելու կարգը

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:

2. Առաջին ատյանի դատարանը փորձագետի դիմումի հիման վրա որոշում է կայացնում փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին գործին մասնակցող անձանց մասնակցությունն արգելելու վերաբերյալ:

3. Դատարանն իրավունք ունի որոշում կայացնել մարդու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ ստանալու վերաբերյալ, եթե դրանց հետազոտումը նշանակված փորձաքննության անցկացման համար նշանակություն ունի:

4. Նմուշներ ստանալու մասին դատարանը կայացնում է որոշում, որում պետք է նշվեն այն անձը կամ օբյեկտը, որից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը՝ իրենից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները դրանք ստանալուց հետո, ինչպես նաև այն անձի իրավունքները և պարտականությունները, որից պետք է վերցվի նմուշը:

5. Արգելվում է նմուշներ ստանալ մարդուն հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կամ նրա առողջությանը և մարմնի ամբողջականությանը վտանգ սպառնացող միջոցներով:

6. Փորձագետն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայր և ստորագրությամբ նրան ծանոթացնում է նմուշ ստանալու մասին դատարանի որոշմանը:

7. Փորձագետն ընթերակաների ներկայությամբ կատարում է անհրաժեշտ գործողությունները և ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից, մյուս նմուշները փաթեթավորվում և կնքվում են: Նմուշներ հանձնող անձն իրավունք ունի հրաժարվելու ընթերակայի մասնակցությունից՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով փորձագետին:

8. Փորձագետը, ստանալով նմուշներ, կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ գործողությանը մասնակցած անձինք, նկարագրվում են նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, որով դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները:

9. Ստացված նմուշները կամ հետազոտման արդյունքները կցվում են արձանագրությանը:

10. Նմուշ ստանալու մասին դատարանի որոշման պահանջը գործին մասնակցող անձի կողմից առանց հարգելի պատճառի չկատարելու կամ դրա կատարումից խուսափելու դեպքում փորձաքննությամբ պարզման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է այդ անձը, եթե առանց նմուշի տրամադրման հնարավոր չէ ավարտել փորձաքննությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։