Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-22-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-03-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 127. Հայցադիմումը վերադարձնելը

գործել է մինչև 2024-03-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 127. Հայցադիմումը վերադարձնելը

1. Առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝

1) գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին կամ ենթակա է քննության սնանկության կամ հակակոռուպցիոն դատարանում.

2) հայցադիմումը ներկայացված է դատավարական գործունակությամբ չօժտված անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.

3) չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.

4) չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել.

5) հայցադիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

6) հայցվորը չի պահպանել մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով կամ պայմանագրով նախատեսված արտադատական կարգը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ վեճի կարգավորման արտադատական կարգ սահմանող պայմանագիրն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.

7) այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ.

8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել.

9) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.

10) հակընդդեմ հայցադիմումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին կամ ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ.

11) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու պահանջով.

12) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է սույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.

13) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտմամբ.

14) հայցադիմումը ներկայացվել է այն ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով, որը ենթակա է քննության նոտարի կողմից, և առկա չէ նոտարի կողմից նույն պահանջով գումարի բռնագանձման կարգադրություն արձակվելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կամ նոտարի կողմից նույն պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշում:

1.1. Այն դեպքերում, երբ չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ հայցադիմումին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը, կամ հայցադիմումն ստորագրված չէ, դատավորի աշխատակազմը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել հայցվորին հայցադիմումում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում դատավորի աշխատակազմը նույն ժամկետում կարող է կազմել հայցադիմումում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է հայցվորին:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը կամ հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր, որոնք թերությունների մատնանշման պահին չէին բացահայտվել դատավորի աշխատակազմի կողմից:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում հայցադիմումը վերադարձնելու մասին, եթե առկա են հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր:

1.4. Սույն հոդվածի 1.1-ին մասի կարգավորումը կիրառելի է այն դեպքերում, երբ առկա չեն սույն հոդվածի 1.1-ին մասում չնշված հիմքերով հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր:

2. Այն դեպքերում, երբ հայցադիմումում առկա թերությունների վերացման համար հայցվորը չի տեղեկացվում, այդ թվում՝ երբ արձանագրություն չի կազմվում, առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կայացնում է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում` այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին:

2.1. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկում է հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց՝ միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն։

3. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը:

4. Հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

5. Հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված դեպքի:

6. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

(127-րդ հոդվածը լրաց., փոփ. 12.12.19 ՀՕ-298-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-36-Ն, 14.04.21 ՀՕ-335-Ն, լրաց., խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-226-Ն)

(19.01.21 ՀՕ-36-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։