Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2024-09-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հոդված 168. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը և դրա քննությունը նախնական դատական նիստում

գործել է մինչև 2024-09-27Բացել ARLIS-ում

Հոդված 168. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը և դրա քննությունը նախնական դատական նիստում

1. Գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:

2. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝

1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.

3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.

4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

2.1. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, գործին մասնակցող անձանց ծանուցում է այդ մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:

4. Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:

5. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին՝ նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

6. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:

7. Ներկայացված առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ: Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը հրապարակվում է վճռի հետ միասին: Գործից մաս առանձնացնելու մասին որոշմամբ նշանակվում են նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննության արդյունավետությունից ելնելով՝ դատարանը կարող է դատական ծախսերի հարցին անդրադառնալ վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտով: Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգը դատարանի հայեցողությամբ կարող է չկիրառվել, եթե դա բխում է գործի քննության արդյունավետությունից, կամ գործին մասնակցող անձինք համաձայն են, որ հայցային վաղեմության հարցին դատարանն անդրադառնա գործի ըստ էության քննության արդյունքով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով:

(168-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքի 30-րդ հոդվածի փոփոխությամբ նախատեսված դրույթները տարածվում են նաև մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա` համաձայն 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի)

&#9878Հոդված 169. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը

1. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:

2. Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը,

2) ապացուցման կարիք չունեցող փաստերը,

3) ապացուցման ենթակա փաստերը,

4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը,

5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:

4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:

5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:

6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։