Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հոդված 168. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը և դրա քննությունը նախնական դատական նիստում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 168. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը և դրա քննությունը նախնական դատական նիստում

1. Գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:

2. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝

1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.

3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.

4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

2.1. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, գործին մասնակցող անձանց ծանուցում է այդ մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:

4. Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:

5. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին՝ նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

6. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:

7. Ներկայացված առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ: Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը հրապարակվում է վճռի հետ միասին: Գործից մաս առանձնացնելու մասին որոշմամբ նշանակվում են նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննության արդյունավետությունից ելնելով՝ դատարանը կարող է դատական ծախսերի հարցին անդրադառնալ վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտով: Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգը դատարանի հայեցողությամբ կարող է չկիրառվել, եթե դա բխում է գործի քննության արդյունավետությունից, կամ գործին մասնակցող անձինք համաձայն են, որ հայցային վաղեմության հարցին դատարանն անդրադառնա գործի ըստ էության քննության արդյունքով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով:

(168-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 169. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը

1. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:

2. Հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացվելու դեպքում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացվում է այդ բողոքի վերաբերյալ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը,

2) ապացուցման կարիք չունեցող փաստերը,

3) ապացուցման ենթակա փաստերը,

4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը,

5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:

4. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:

5. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:

6. Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:

&#9878Հոդված 170. Հայցի առարկան և հիմքը փոփոխելը

1. Հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:

2. Սույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը:

3. Սույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով:

4. Առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ:

5. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժում է, եթե այն բավարարելու դեպքում փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է, կամ քննվող գործը դուրս է գալու առաջին ատյանի դատարանի ենթակայության սահմաններից:

6. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու դեպքում դատարանն անհրաժեշտության դեպքում իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:

7. Հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը չի քննարկում, եթե չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել:

(170-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։