Հոդված 251. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննությունը
Հոդված 251. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննությունը
1. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի, նրա փաստաբանի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը, ելնելով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձի առողջական վիճակից, գործը քննում է քաղաքացու հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վայրում կամ հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրում:
2. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձին իրավական օգնություն տրամադրելու մասին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի: Քաղաքացուն իրավական օգնություն տրամադրելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:
3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելուց հետո անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվող անձը կարող է հրաժարվել հանրային պաշտպանից, եթե հայտնում է իր ընտրած փաստաբանի մասնակցությամբ քննությունը շարունակելու մասին և ներկայացնում է տվյալ փաստաբանի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորությունները հավաստող փաստաթուղթ:
4. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմումի քննության ընթացքում տվյալ քաղաքացին օգտվում է գործին մասնակցող անձանց՝ սույն օրենսգրքով նախատեսված իրավունքներից:
⚖Հոդված 252. Անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը
1. Առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:
2. Քաղաքացին իրավունք ունի դատահոգեբուժական փորձաքննությանը ներկայանալու իր ներկայացուցչի հետ:
3. Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի վերաբերյալ անգործունակ ճանաչելու մասին դիմում է ներկայացվել, առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում անձին հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին և դրա հիման վրա տրված կատարողական թերթը անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)