Հոդված 354. Օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերը
Հոդված 354. Օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերը
1. Դատարանը մերժում է օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե`
1) դատական ակտն օրինական ուժի մեջ չի մտել` համաձայն այն պետության օրենսդրության, որտեղ կայացվել է,
2) կողմը զրկված է եղել դատավարությանը մասնակցելու հնարավորությունից,
3) առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ այլ պետության դատարանի կողմից կայացված և Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից ճանաչված դատական ակտ,
4) Հայաստանի Հանրապետության դատարանում նույն անձանց միջև, նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով գործով առկա է ավելի վաղ հարուցված վարույթ,
5) գործը, որի վերաբերյալ կայացվել է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը, պատկանում է Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ իրավասությանը,
6) գործը, որի վերաբերյալ կայացվել է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը, չի պատկանում այդ պետության դատարանի միջազգային իրավասությանը,
7) դատական ակտի ճանաչումը և կատարումը հակասում են Հայաստանի Հանրապետության հանրային կարգին,
8) դատական ակտը ենթակա չէ կատարման` համաձայն այն պետության օրենսդրության, որտեղ կայացվել է:
2. Հայաստանի Հանրապետության դատարանը մերժում է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը` կատարման թույլատրելու մասով, եթե լրացել է ակտը կատարման ներկայացնելու եռամյա ժամկետը, և այդ ժամկետը չի վերականգնվել Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից:
3. Օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման միջնորդությունը մերժելու՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման դիմումով կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի առկայության դեպքում օտարերկրյա դատական ակտը ենթակա է ճանաչման և կատարման Հայաստանի Հանրապետությունում, եթե այն բավարարում է միջազգային պայմանագրով սահմանված դատական ակտերի ճանաչման և կատարման պահանջները, ինչպես նաև եթե դրա ճանաչումը և կատարումը չեն հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին: