Հոդված 78. Հայցադիմումը վարույթ ընդունելը
Հոդված 78. Հայցադիմումը վարույթ ընդունելը
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում։
2. Վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանն անդրադառնում է նաև փաստաթղթերին ծանոթանալու նպատակով դրանք վարչական դատարանում դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությանը և այն անհիմն համարելու դեպքում կարող է կայացնել սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված որոշումը։
4. Վարչական դատարանը հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու, հայցադիմումը չվերադարձնելու կամ չվերահասցեագրելու դեպքում կայացնում է այն վարույթ ընդունելու մասին որոշում։
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչական դատարանն այդ որոշումը, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները ուղարկում է դատավարության մասնակիցներին։
6. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս նախազգուշացնում է հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և չներկայացնելու իրավական հետևանքների մասին։
7. Վարչական դատարանն իրավունք չունի չընդունելու հայցադիմումը վարույթ սոսկ ձևական սխալների հիմքով։
(78-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-99-Ն)