Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-10-ից մինչև 2026-04-26։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 22 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 133. Վերաքննիչ բողոք բերելու կարգը

գործել է մինչև 2026-04-26Բացել ARLIS-ում

Հոդված 133. Վերաքննիչ բողոք բերելու կարգը

1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են վերաքննիչ դատարան։ Բողոք բերողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է դատավարության մասնակիցներին, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան։

2. Վարչական դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոք բերելու ժամկետը լրանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան։

&#9878Հոդված 134. Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը

1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են`

1) վերաքննիչ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) վարչական դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն.

6) բողոք բերող անձի պահանջը.

7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։

2. Եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

3. Վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

4. Բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքի պատճենները դատական ակտ կայացրած վարչական դատարանին և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե բողոք բերողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով)։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը։

(134-րդ հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-356-Ն)

&#9878Հոդված 135. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։

2. Միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում գործը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։

3. Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերաքննիչ դատարանն այն ուղարկում է բողոք բերող անձին և դատավարության մասնակիցներին։

4․ Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձը և դատավարության մասնակիցները տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին։

(135-րդ հոդվածը խմբ. 04.03.26 ՀՕ-92-Ն)

(04.03.26 ՀՕ-92-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 136. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը

1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները.

2) բողոքի շրջանակում առերևույթ բացառվում է դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության հնարավորությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

3) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

4) մինչև վերաքննիչ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.

5) սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

2. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնում է գործը ստանալու օրվանից հետո`

1) յոթնօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.

2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։

3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում առկա բոլոր առերևույթ սխալները։

4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերող անձին ուղարկվում է վերաքննիչ դատարանի որոշումը: Բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը բողոք բերող անձին վերադարձվում են վերջինիս դիմումի հիման վրա, որի դեպքում գործին կցվում են դրանց պատճենները:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով եռօրյա ժամկետում կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

6. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան։

7. Վճռաբեկ դատարանի կողմից որոշումը վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված՝ սկզբնական ներկայացման օրը:

(136-րդ հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն, խմբ. 04.03.26 ՀՕ-57-Ն)

(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 137. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը

1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

1) սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին.

5.1) վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։

2. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացնում է գործը ստանալու օրվանից հետո`

1) յոթնօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.

2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։

3. Վերաքննիչ դատարանի` բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան։

4. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։

(137-րդ հոդվածը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն, լրաց. 04.03.26 ՀՕ-92-Ն)

(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, որոնց մասով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` համաձայն 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի)

(04.03.26 ՀՕ-92-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 138. Վերաքննիչ բողոքի պատասխանը

1. Դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`

1) տասնհինգօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.

2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։

2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան և դատավարության մասնակիցներին:

3. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են`

1) վերաքննիչ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.

2) պատասխանը ներկայացրած անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).

3) վարչական դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։

4. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե պատասխանը ներկայացրած անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով)։

5. Վերաքննիչ բողոքի պատասխանը ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։