Հոդված 167. Վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգումը, գործի վարույթը կասեցնելը
Հոդված 167. Վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգումը, գործի վարույթը կասեցնելը
1. Վճռաբեկ դատարանում գործի քննության հետաձգումը կատարվում է սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով։
2. Վճռաբեկ դատարանում գործի վարույթի կասեցման վրա տարածվում են սույն օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածների կանոնները։
⚖Հոդված 168. Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները
1. Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում։
⚖Հոդված 169. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկում է համապատասխան դատարան՝ նոր քննության, և սահմանում նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
2.1) բավարարում է վճռաբեկ բողոքը՝ փոփոխելով դատական ակտի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, եթե վճռաբեկ բողոքը բերվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ.
3) մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
5) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով վարչական դատարանի դատական ակտին, իսկ եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա լրացուցիչ պատճառաբանում է վարչական դատարանի դատական ակտը։
2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը թողնելով անփոփոխ, իսկ 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը թողնում է օրինական ուժի մեջ կամ անհրաժեշտության դեպքում կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։
(169-րդ հոդվածը խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն, լրաց. 04.03.26 ՀՕ-57-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)