Հոդված 117. Խափանման միջոց փոխելը կամ վերացնելը
Հոդված 117. Խափանման միջոց փոխելը կամ վերացնելը
1. Եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին:
2. Մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ:
3. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կիրառելու համար:
4. Խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին որոշումն անհապաղ հանձնվում է խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին, իսկ դրա պատճենը` այն անձին, որի նկատմամբ կիրառվում է խափանման միջոցը: Խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին քննիչի որոշման պատճենը հանձնվում է նաև հսկող դատախազին:
5. Եթե խափանման միջոցի կիրառման վերաբերյալ բողոքի քննարկման արդյունքով կիրառված խափանման միջոցը վերացվել է, ապա այդ կամ այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կարող է կիրառվել նույն վարույթով միայն նոր հանգամանքի առկայության դեպքում:
⚖Հոդված 118. Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները
1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:
2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
3. Եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նախատեսված չէ, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում:
4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։
5. Կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնավորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը (due diligence), ինչպես նաև տվյալ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտությունը:
6. Կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ կարող է սահմանափակվել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը, ներառյալ ժամկետին և անձանց շրջանակին վերաբերող պայմանները:
7.
(հոդվածը 11.05.26 ՀՕ-216-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)