Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸԳլուխ 39 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 298. Սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդությունը և դրա քննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 298. Սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդությունը և դրա քննությունը

1. Արգելադրված գույքի սեփականատերը, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչը իրավունք ունեն մինչդատական վարույթի ընթացքում միջնորդություն ներկայացնելու դատարան գույքի արգելադրումը վերացնելու մասին ոչ շուտ, քան գույքի արգելադրումից երեք ամիս հետո։ Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին։

2. Դատարանը մերժում է միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում, կամ եթե դրանում չեն ներկայացվել գույքի արգելադրման իրավաչափությունը վիճարկող նոր էական փաստարկներ։ Հակառակ դեպքում դատարանը միջնորդության հիման վրա հարուցում է վարույթ՝ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին։ Վարույթը բանավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում դատական նիստը նշանակվում է յոթնօրյա ժամկետում։

3. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությունը բանավոր ընթացակարգով քննելու դեպքում դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 296-րդ հոդվածի վերաբերելի պահանջների պահպանմամբ։

4. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․

1) միջնորդությունը մերժելու մասին, եթե գալիս է հետևության, որ գույքի արգելադրման իրավաչափության մասին հետևությունները շարունակում են հիմնավոր լինել.

2) միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և գույքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին, եթե համաձայնվում է միջնորդության փաստարկներին:

5․ Բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը։

6. Դատարանը միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Այն դեպքում, երբ միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան, ապա դատարանն այն էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

(298-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-353-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։