Հոդված 135. Գույքի արգելադրման տևողությունը
Հոդված 135. Գույքի արգելադրման տևողությունը
1. Գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի կամ այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանն իրավասու է գույքի արգելադրումը պահպանելու նաև քրեական վարույթի ավարտից հետո՝ մինչև դատական ակտի կատարումը:
2. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին: Եթե արգելադրված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, իսկ վարույթն իրականացնող մարմինն արգելադրում է դեպոզիտ հանձնված փոխհատուցման գումարը կամ միջոցներ է ձեռնարկում համարժեք այլ գույք արգելադրելու ուղղությամբ:
2.1. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված գույքի բացակայության դեպքում դրան համարժեք արգելադրված գույքը կամ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրված գույքը կարող է հանվել արգելանքից, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է արգելադրված գույքին համարժեք բանկային երաշխիք:
3. Գրավառուի միջնորդության հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելադրված գրավի առարկան իրացնելու նպատակով հանվում է արգելանքից, եթե այն չի հանդիսանում՝
1) հանցագործության արդյունքում ստացված գույք.
2) ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույք.
3) տուժողին ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցման համար անհրաժեշտ գույք, որի նկատմամբ գրավի կամ սեփականության իրավունքը երրորդ անձինք վիճարկում են դատական կարգով:
Գրավառուի պահանջները բավարարելուց և գույքի իրացման ծախսերը նվազեցնելուց հետո մնացած միջոցները գրավառուն փոխանցում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտային հաշվին:
4. Դատարանն անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման առկայության դեպքում տվյալ վարույթով կայացրած և օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքն արգելանքից հանելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում, իսկ բողոքարկված լինելու պարագայում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտած լինելու դեպքում անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Այն դեպքում, երբ արգելադրումը պահպանվում է մինչև դատական ակտի կատարումը, դատարանը տվյալ վարույթով կայացրած և օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է դատական ակտը կատարվելուց հետո: Եթե անշարժ գույքն արգելանքից հանելու մասին որոշումը կայացվել է դատական նիստի արձանագրության մեջ մտցնելով, ապա դատարանը դատական նիստի արձանագրության համապատասխան քաղվածքն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:
5.
(135-րդ հոդվածը լրաց. 11.07.24 ՀՕ-308-Ն, 11.02.26 ՀՕ-36-Ն, 06.05.26 ՀՕ-209-Ն, 22.10.25 ՀՕ-353-Ն)
(հոդվածը 18.06.26 ՀՕ-255-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)