Հոդված 125. Գրավը
Հոդված 125. Գրավը
1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ, իսկ Հայաստանի Հանրապետության դրամի ձևով՝ մինչդատական վարույթի փուլում պահատվության է փոխանցվում դատախազության դեպոզիտային հաշվին, դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտային հաշվին: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին: Եթե գրավ ընդունված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա գրավի առարկան փոխարինվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով նախատեսված համարժեք փոխհատուցման գումարով, որը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձի կողմից փոխանցվում է համապատասխանաբար դատարանի կամ դատախազության դեպոզիտ:
2. Գրավի չափը որոշելիս հաշվի են առնվում մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրության աստիճանը և մեղադրյալի գույքային դրությունը: Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:
3. Գրավը կարող է մուծել մեղադրյալը կամ ցանկացած այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Եթե գրավը մուծում է այլ անձ, ապա նրան բացատրվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությունը, ինչպես նաև մեղադրյալի կողմից անօրինական վարքագիծ դրսևորվելու դեպքում՝ վրա հասնող հնարավոր հետևանքները:
4. Գրավատուն վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթ, որը կցվում է վարույթի նյութերին: Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից:
4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունը չկատարելը հիմք է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը վերստին քննարկելու համար։
5. Եթե մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ էապես խոչընդոտել է վարույթին, ապա հսկող դատախազը կայացնում է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշում և դրա պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է մեղադրյալին և գրավը մուծած անձին` նրանց պարզաբանելով այդ որոշման բողոքարկման` սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված կարգը: Եթե որպես գրավ ընդունվել է անշարժ կամ շարժական գույք, ապա խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այդ գույքի վաճառքից մնացած գումարի այն մասը, որը գերազանցում է գրավի չափը, ենթակա է վերադարձման: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացվում է բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետի ընթացքում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատական վարույթում գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կայացնում է դատարանը և ուղարկում հարկադիր կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։ Այդ որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով։
7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված խախտումները, կամ գրավը որպես խափանման միջոց վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունվում է համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:
(125-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն, խմբ. 11.07.24 ՀՕ-308-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-190-Ն, 11.02.26 ՀՕ-36-Ն)