Հոդված 297. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հաստատման միջնորդության վերաբերյալ որոշումը
Հոդված 297. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հաստատման միջնորդության վերաբերյալ որոշումը
1. Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․
1) միջնորդությունը մերժելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին.
2) միջնորդությունը բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին.
3) միջնորդությունը մասնակի բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հաստատելու մասին։
2. Բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը։
3. Դատարանը միջնորդությունը մերժելու և անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Այն դեպքում, երբ միջնորդությունը մերժելու և անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան, ապա որոշումը, իսկ բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման վերաբերյալ դատական նիստի արձանագրության քաղվածքը դատարանը էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
(297-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-239-Ն, 22.10.25 ՀՕ-353-Ն)
(18.06.26 ՀՕ-239-Ն օրենքն ունի անցումային դրույթ)