Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 46 · ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 370. Եզրափակիչ դատական ակտ կայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 370. Եզրափակիչ դատական ակտ կայացնելը

1. Բողոքը քննելու արդյունքով վերաքննիչ դատարանը կայացնում է եզրափակիչ դատական ակտ, որը՝

1) հաստատում կամ լրացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը․

2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին․

3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

2. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

2.1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել չորս ամսից ոչ ավելի ժամկետով:

3. Վերաքննիչ դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․

1) հիմնավոր է արդյոք վերաքննիչ բողոքը (վերաքննիչ բողոքներից յուրաքանչյուրը).

2) հայտնաբերվել է արդյոք սույն օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հանգամանք.

3) պետք է արդյոք փոխել սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով սահմանված որևէ հարցի առաջին ատյանի դատարանի տված պատասխանը.

4) բողոքարկվող դատական ակտը պետք է արդյոք բեկանվի կամ փոփոխվի.

5) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, ապա այն պետք է բեկանվի ամբողջությամբ, թե որոշակի մասով.

6) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանման, ապա պետք է կայացվի նոր դատական ակտ, թե վարույթը պետք է փոխանցվի առաջին ատյանի համապատասխան դատարան.

7) եթե վարույթը ենթակա է փոխանցման առաջին ատյանի համապատասխան դատարան, ապա ինչ ծավալով պետք է իրականացվի նոր վարույթը:

(370-րդ հոդվածը լրաց. 25.03.26 ՀՕ-131-Ն)

(25.03.26 ՀՕ-131-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։