Հոդված 422. Բժշկական հարկադրանքի վարույթ սկսելը
Հոդված 422. Բժշկական հարկադրանքի վարույթ սկսելը
1. Եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում, որի պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին:
2. Եթե ընդհանուր կարգով իրականացվող դատաքննության ընթացում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա դատարանը միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար, որից հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում:
3. Եթե տվյալ վարույթով ներգրավված են մեկից ավելի մեղադրյալներ, ապա փոխակերպման մասին որոշում կայացնելուց առաջ սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձին վերաբերող մասով վարույթն անջատվում է:
4. Բժշկական հարկադրանքի վարույթ սկսելու պահից 48 ժամվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը այդ վարույթն սկսելու հիմք հանդիսացած որոշումների պատճենները հանձնում է այն անձին, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթը, ինչպես նաև այդ անձի պաշտպանին կամ ներկայացուցչին` այդ փաստաթղթերին կցելով հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների պարզաբանմամբ հուշաթերթ:
5. Եթե բժշկական հարկադրանքի վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքերը վերանում են, ապա վարույթն իրականացնող մարմինը կայացնում է բժշկական հարկադրանքի վարույթը քրեական վարույթի փոխակերպելու մասին որոշում, որի պատճենն անհապաղ ուղարկում է վարույթի մասնակիցներին, իսկ քննիչը՝ նաև հսկող դատախազին:
6. Սույն հոդվածով նախատեսված փոխակերպման յուրաքանչյուր դեպքում վարույթը չի վերսկսվում:
(422-րդ հոդվածը փոփ. 03.07.26 ՀՕ-311-Ն)