Հոդված 255. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը
Հոդված 255. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:
Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:
(255-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)