Հոդված 137.2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը
Հոդված 137.2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը
1. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ տասնապատիկի չափով:
5. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
7. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
9. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
(137.2 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, 20.11.14 ՀՕ-164-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-173-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն, փոփ. 08.02.18 ՀՕ-107-Ն)